ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն քաղաքացիներից դրամական միջոցների ներգրվման գործառույթներ չի իրականացնում, ընկերության ներդրումային ծրագրերի իրագործման կամ բնական գազի առքուվաճառքի հետ կապված կոմերցիոն առաջարկներ չի ներկայացնում։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես զգուշացնում է, որ համացանցում և սոցիալական ցանցերում գործում են անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքեր ու հարթակներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ ՓԲԸ-ի գործունեությանն առնչվող տեղակատվությունը հրապարակվում է բացառապես ընկերության պաշտոնական հարթակներում։
Հավելենք, որ տևական ժամանակ է, ինչ սոցցանցերում խարդախությունների են իրականացվում տարբեր ընկերությունների անունից։ Մարդկանց ծուղակը գցելու համար նրանց առաջարկվում է աշխատանք X կազմակերպությունում օրական 150.000-300.000 դրամ աշխատավարձով։