ԵԱՏՄ-ի միասնական գրանցամատյանում արդեն ներառված է ավելի քան 4500 դեղամիջոց, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Աստանա-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ արձանագրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն։
Պաշտոնյայի խոսքով՝ հայտերի ավելի քան 80 տոկոսը ստացվում է Ռուսաստանից, իսկ ԵԱՏՄ-ի մյուս 4 երկրներն այնքան էլ պատրաստակամորեն չեն անցնում դեղամիջոցների և բժշկական ապրանքների գրանցման վերազգային համակարգին: «Միաժամանակ ազգային գրանցումը պահպանելու փորձեր են արվում»,-նկատում է Նազարենկոն։
Նախարարը կարծում է, որ դա սխալ է, քանի որ լրացուցիչ դժվարություններ է ստեղծում բիզնեսի համար։«Դեղերի և բժշկական ապրանքների ընդհանուր շուկայի ստեղծումը կարգավորման շատ մեծ ոլորտ է։ Այն բաժանված է երկու մասի. առաջինը միասնական կարգավորող համակարգի ստեղծումն է։ Երկրորդ փուլը առաջարկի և պահանջարկի հավասարակշռումն է, որպեսզի զարգանա ԵԱՏՄ երկրներում արտադրությունը և համագործակցությունը»,-մանրամասնում է Նազարենկոն։
ԵԱՏՄ-ի անդամ բոլոր երկրները 2026 թվականի հունվարի 1-ից պետք է անցնեն դեղամիջոցների և բժշկական ապրանքների վերազգային գրանցման։