Վերնագրում կլինի խաղաղություն, մեջը` մեծ զիջումներ. քաղաքագետը` բանակցությունների մասին

Քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Երևանի ու Բաքվի միջև ուղիղ բանակցություններն ամենավտանգավոր գործընթացն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունները կարգավորելու մասին։
«Դա ամենավտանգավոր պրոցեսներից մեկն է, որովհետև հաղթած Ալիևը շատ ավելի հեշտ կստանա երկրորդ, երրորդ հաղթանակը, եթե չլինեն միջնորդներ, չլինի երրորդ ականջ։ Այդ պայմաններում Ալիևն ավելի մեծ բաներ կպահաջի ու կփորձի ստանալ»,– կարծում է քաղաքագետը։
Հայտնել ենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորում կուսակիցների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե Հայաստանը և Ադրբեջանը միմյանցից լրացուցիչ երաշխիքներ են պահանջում փոխադարձաբար տարածքային նկրտումներ չունենալու մասին։
«Ադրբեջանը կարող է իրեն պետք եղած պահին մի ամիս խաղալ խաղաղասեր բանակցողի դերը, ինչպես մենք տեսանք վերջին փուլում` աշխատակազմերի միջև կոնտակտների պարագայում, երբ մի այնպիսի հաղորդագրություն էին տարածել, կարծես բարեկամ երկրների կամ քույր քաղաքների հարաբերությունների մասին լիներ։ Մի ամիս հետո, երբ կստանա իր ակնկալածը, կփոխվի, որովհետև գիտի` իր վերջնանպատակը որն է։ Մենք չգիտենք։ Մեր իշխանության միակ նպատակը իշխանության մնալն է։ Այս իրավիճակում մեր պետական մեքենան անընդհատ վթարների կենթարկվի, մեր խոսելն առանց սոլիդ իշխանության ձևավորման` օդում խոսել է, որովհետև դիմացը բավական լուրջ պետություններ են` հանձին Ադրբեջանի ու Թուրքիայի»,– նկատում է Հովհաննիսյանը։
Նույն հանդիպման ընթացքում Փաշինյանը նաև հայտարարել էր, թե ինչպես Հայաստանն Ադրբեջանի, այնպես էլ թերևս Ադրբեջանը Հայաստանի առաջարկների տողատակերում տարածքային պահանջների վտանգներ տեսնում:
Վահե Հովհաննիսյանն ընդգծում է, որ ոչ միայն ՀՀ այսօրվա իշխանությունները, այնպես էլ նախկին որևէ իշխանություն Ադրբեջանին ուղղված տարածքային որևէ պահանջ չի հնչեցրել։ Առավել ևս այսօր ստեղծված անհավասար պայմաններում, նրա որակմամբ, այդպիսի պահանջ ներկայացնելը խելագարություն կլիներ։
Քաղաքագետի գնահատմամբ` Փաշինյանի այդ հայտարարությունն իրականում հայաստանյան հանրությանն ուղղված քարոզչական հերթական հնարքն է` արդարացնելու Ադրբեջանից անվերջ հնչող պահանջները։
Հայաստանի համար սկզբունքային հարց չէ` Ադրբեջանի հետ ուղիղ կբանակցի, թե միջնորդով․ Միրզոյան
«Մարդը միացնում է հեռուստացույցն ու լսում, որ Ալիևան ասում է` Ջերմուկն իմն է, սա իմն է, դա իմն է։ Մարդիկ ասում են. «Պարո՛ն Փաշինյան, բա դուք ասում եք` խաղաղության ենք գնում, ամեն ինչ նորմալ է, Ղարաբաղն էլ տվեցինք, հիմա Ալիևն ինչո՞ւ է Ջերմուկն ուզում, Սյունիքն ուզում, Երևանն ուզում»։ Հիմա Փաշինյանը պետք է ինչ–որ բան «ծախի» իր հասարակությանը, որ մնա իշխանության։ Ծախում է, ասում է` ճիշտ չեք հասկացել։ Ալիևը մեզանից վախենում է, դրա համար է տենց ասում, բերեք էլի զիջենք»,– պարզաբանում է քաղաքագետը։
Վահե Հովհաննիսյանի համոզմամբ` Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի ու Թուրքիայի, չունի պատկերացում կովկասյան նոր ստեղծված ճարտարապետության մեջ իր տեղի ու դերի մասին, չունի ազգային ու պետական ռազմավարություն։
«Բանակցելը ռազմավարություն չէ, բանակցելն իրավիճակը կայունացնելու գործիքներից մեկն է, որը մենք չենք կարողանում անել։ 2018թ–ից հետո երկրում պատերազմի դուռը չի փակվում։ 4-5 տարի պատերազմի մեջ ենք` զոհեր, կորուստներ։ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ բանակցություններում չլինեն միջնորդներ։ Եթե կովկասյան նոր ճարատարապետություն է կերտվում, մենք ինչո՞ւ չենք պնդում, որ Կովկասի այդ ճարտարապետության մասնակիցները մեր բանակցային պրոցեսին ներկա լինեն` ՌԴ, Իրան, Վրաստան։ Մենք նույնիսկ Բրյուսելում ու Վաշինգտոնում սխալ օրակարգ ենք դնում, ասում ենք` եկեք, մեր անվտանգությունն ապահովեք»,– արձանագրում է Հովհաննիսյանը։
Կանխատեսելով իշխող քաղաքական ուժի վարած բանակցությունների հնարավոր արդյունքը` մեր զրուցակիցը կարծում է, որ դրանց ավարտին կծնվի մի փաստաթուղթ, որի վերնագրում կլինի «խաղաղություն» բառը, մեջը` ահռելի զիջումներ։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։