ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ՄՏՍ ԲԲԸ–ն Հայաստանում իր դուստր ընկերության` «ՄՏՍ Հայաստանի» բոլոր բաժնետոմսերը (100%) վաճառել է կիպրական Fedilco Group Limited ընկերությանը։ Այս մասին ասվում է ՄՏՍ–ի հաղորդագրությունում։
«ՄՏՍ ԲԲԸ–ն հայտարարում է Կիպրոսում գրանցված Fedilco Group Limited ընկերությանը Հայաստանում իր դուստր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100%–ը վաճառելու գործարքն ավարտելու մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Բացի դրանից, գործարքում ընդգրկվել է «ՄՏՍ Հայաստանի» դուստր ընկերութունը` «ՄոբիԴրամ» ՓԲԸ–ն (սա վճարային համակարգ է, որը ֆինանսական ծառայություններ է մատուցում ՀՀ շուկայում)։
Ավելի վաղ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել էր ռուսական «Մոբայլ Տելեսիստեմի» կորպորացիայի հայտը ՀՀ–ում իր բիզնեսը վերակազմավորելու վերաբերյալ։
Հայտը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ սեպտեմբերին ռուսական ՄՏՍ-ը ցանկացել է «ՄՏՍ Հայաստանը» վաճառել մեկ այլ սեփականատիրոջ՝ Կիպրոսում գրանցված Fedilco ընկերությանը։