ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Նախարարի մի խոսքը հակասում էր մյուսին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը՝ վերլուծելով 2023–ի ամփոփիչ ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ հնչեցրած ուշագրավ հայտարարությունները։
Սուրեն Սուրենյանց
© Sputnik / Andranik Ghazaryan
«Ասուլիսում բազմաթիվ դրվագներ կային, որտեղ նախարարի մի խոսքը հակասում էր մյուսին։ Մի դեպքում նախարարը չբացառեց առանց միջնորդների՝ Բաքվի հետ ուղղակի բանակցությունների տարբերակը։ Մյուս դեպքում ասաց, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունների բոլոր հարթակներին։ Բայց այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու է մերժում ռուսական հարթակը, մանավանդ, որ Լավրովն (Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը,–խմբ.) ասում է, թե Ադրբեջանը դրան կողմ է»,– ասել է Սուրենյանցը։
Հունվարի 23-ին հրավիրված ամփոփիչ ասուլիսում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին։ Այդ համատեքստում Միրզոյանը չէր բացառել, որ Հայաստանն ականապատ տարածքների մասին նոր տեղեկություն կփոխանցի Բաքվին, քանի որ, նրա մեկնաբանմամբ, տրամադրված է շարունակելու վստահության ամրապնդման միջոցառումները։
Քաղաքագետն ականապատման քարտեզների վերաբերյալ ԱԳ նախարարի հայտարարություններում հակասություններ է նկատել նաև ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած հայտարարությունների հետ։
«Ես շատ լավ հիշում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ասել է, որ ինչ ունեինք ականապատման քարտեզներից, արդեն տվել ենք։ Հիմա ես չգիտեմ, թե ինչպես կարող ենք նոր քարտեզներ տալ։ Առավել ևս, հասկանալի չէ, որ հայկական կողմը դա միակողմանի է անում, այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում առնվազն մի քանի տասնյակ ռազմագերիներ կան»,– նկատում է Սուրենյանցը՝ հավելելով, որ ԱԳ նախարարի հիշատակած միակ նախապայմանը ականապատ տարածքների մասին տեղեկությունները Ադրբեջանին միջնորդների միջոցով հանձնելն է՝ գործընթացի նկատմամբ արժանահավատություն ձևավորելու ու Ադրբեջանի հնարավոր կեղծ մեղադրանքներից հետագայում խուսափելու նպատակով։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել էր նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությանը, մասնավորապես` թե որքանով է այդ գործընթացը պայմանավորված Ադրբեջանի կողմից ՀՀ իշխանություններին ներկայացված պահանջով։
«Լրագրողի հարցադրումը հերքելով՝ Միրզոյանն ըստ էության հաստատեց, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացի հիմնական շարժառիթը հենց Ադրբեջանի պահանջներն են։ Իհարկե, հերքելու համար հիշատակեց, որ այդ պրոցեսը սկսվել է 2018թ-ին և այլն։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ ի սկզբանե 2018-20թթ-ին հիմնական շեշտը դրվում էր կառավարման համակարգի փոփոխության վրա։ Անգամ անեկդոտ էր դարձել, որ Փաշինյանը մինչև պատերազմը և պատերազմից հետո, երբ հասունացել էր իր հրաժարականի պահանջը, խոսում էր նախագահական կառավարման համակարգի անցնելու օգտին։ Հետո, երբ կրքերը հանդարտվեցին, ասաց, որ վարչապետական կառավարման համակարգն ամենաարդյունավետն է։ Հետո այդ հարցը թողեց մասնագիտական հանձնաժողովի եզրակացությանը։ Մի քանի օր առաջ դարձյալ ասում էր, որ կառավարման խորհրդարանական մոդելն ամենալավն է։ Իսկ այսօր արդեն տեսնում ենք, որ ո՛չ կառավարման մոդելը, ո՛չ ներքին կյանքի կազմակերպման այլ դրվագներ իշխանության համար առաջնահերթ չեն»,- արձանագրում է Սուրենյանցը։
Փոխարենը քաղաքագետն նկատում է, որ իշխանության համար առաջնահերթը Սահմանադրության այն դրույթներն են, որոնք այս կամ այն կերպ վերաբերում են հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Հիշեցնենք՝ 2021–ի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր էր ստորագրել 2020 թվականի փետրվարի 12-ին ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը լուծարելու և Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին։
Ս․թ․ հունվարի 19-ին Արդարադատության նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ Փաշինյանն ընդգծել էր, որ ՀՀ-ն կարիք ունի ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության։
Նրա գնահատմամբ՝ նոր Սահմանադրությունը Հայաստանն ավելի մրցունակ և ավելի կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:
Խորհրդարանական ընդդիմությունը քննադատեց Փաշինյանի նախաձեռնությունը՝ ասելով, որ դրանով նա հերթական ուղերձն է հղում Ադրբեջանին և Թուրքիային, նաև հիշեցրեց, որ ՀՀ հիմնարար փաստաթղթերից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սատարմանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու դրույթները հեռացնելու պահանջը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ՀՀ-ին ներկայացվող մշտական պահանջներից են։