ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը, կարծես, կրթական համակարգի խորթ զավակը լինի իր չօգտագործված պոտենցիալով և հանրային թերարժեքությամբ։ ՀՀ Ազգային ժողովում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Մինչդեռ, ըստ նախարարի, ֆորմալ կրթական համակարգն ամենաճկուն ոլորտն է ու ամենաարագն է արձագանքում հանրության և տնտեսության կարիքներին։
«Այս ոլորտում մենք տարեկան մի քանի նոր մասնագիտական կրթական ծրագրեր ենք ներդնում։ Սկսեց զարգանալ էլեկտրամոբիլների ոլորտի մասնագիտական կրթությունը, ներդրվեց էլեկտրամոբիլների սպասարկման մասնագիտությունը, այլընտրանքային էներգիայի աղբյուրներն ենք սկսել օգտագործել և ըստ այդմ` ներդրել ենք արևային կայանների մոնտաժման մասնագիտությունը»,– ընդգծել նա։
Նախարարի խոսքով՝ այսօր որակավորում չունեցող աշխատուժն առավել խոցելի հատվածն է։
«Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, թե ինչպես է մեծանում ռիսկը հետագայում այդ մարդկանց և նրանց ընտանիքների աղքատության, առողջական խնդիրների և բազմաթիվ այլ հարցերի առումով»,– նշել է նա։
Ըստ Անդրեասյանի` այս մարդկանցից շատերի համար մասնագիտական կրթություն ստանալը դառնում է լուրջ և հաճախ անհասանելի խնդիր։