ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Երևանում ձնամաքրման աշխատանքների գործընթացին ներգրավված է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» (ԵԱՍՄ) հիմնարկի, ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 134 մասնագիտացված բազմաֆունկցիոնալ տեխնիկա: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Մայթերի, այգիների, քաղաքի տարբեր հատվածներում առկա աստիճանավանդակների ու ընդհանուր օգտագործման այլ տարածքների մաքրման աշխատանքներում ներգրավված է համայնքային երկու կառույցների 780 աշխատակից»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ բազմաբնակարան շենքերի մուտքերի ու հարակից տարածքների մաքրման գործում պատասխանատուն համատիրություններն են: Համայնքը վերջիններին աջակցում է մաքրման համար անհրաժեշտ միջոցներով:
Բացի այդ, Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ եղանակային անբարենպաստ պայմանների ու ճանապարհների առանձին հատվածներում առաջացած մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է` աշխատեն չվացուցակի խախտումներով ու միջակայքերի տատանումներով: