Արևմուտքը Երևանին և Բաքվին հրապուրելով Բրյուսել և Փարիզ է տանում. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության մասին հարցին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Արևմուտքը սխալ է համարում Ռուսաստանի դերն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում և փորձում է երկու երկրներին հրապուրելով տանել Բրյուսել, Փարիզ և Վաշինգտոն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցության արդյունքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ նախագահ Պուտինը վճռորոշ դեր է խաղացել 44-օրյա պատերազմի դադարեցման, ինչպես նաև մի քանի եռակողմ փաստաթղթերի համաձայնեցման գործում, «որոնցում սահմանված են կարգավորման առանցքային պարամետրերը, այդ թվում՝ սահմանազատման, առևտրային և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերը»:
«Վերջին ժամանակներս մենք տեսնում ենք, թե ինչպես արդեն այդ պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո արևմտյան գործընկերները որոշեցին, որ մի տեսակ սխալ է, որ Ռուսաստանին հաջողվում է առաջընթաց գրանցել այդ ուղղությամբ, և նրանք սկսեցին հայերին, ադրբեջանցիներին հրապուրելով տանել մե՛կ Բրյուսել, մե՛կ Փարիզ, մե՛կ Վաշինգտոն, մեկ Պրահա»,-ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության մասին հարցին:
«Նախագահները քննարկել են այդ թեման, նրանք համակարծիք են եղել, որ այս փուլում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում, որպեսզի ամրապնդվի կայունությունը, ամրապնդվի վստահությունը տարածաշրջանում և նպաստի Ղարաբաղի այն բնակիչների վերադարձին, ովքեր կցանկանան դա անել»,-ասել է նա:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։