ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի– Sputnik. Կարծես թե ո՞վ կգնա թանգարան` 90-ականների հարյուր կամ հազար դրամանոցը տեսնելու։ Բայց փորձենք վերհիշել, ու կհամոզվենք, որ դրանց տեսքը գրեթե կորել է մեր հիշողությունից։ Իսկ այն, որ հարյուր դրամանոցը ժամանակին թղթադրամ է եղել, շատերս, հավանաբար, մոռացել ենք, իսկ երիտասարդները գուցե չեն էլ լսել։
Այս բացը լրացնելու համար է, որ Կենտրոնակյան բանկն այսօր Հայաստանի պատմության թանգարանին է նվիրել 1993 թվականից մինչ օրս թողարկած, բոլոր երեք սերունդների ՀՀ թղթադրամները։ Թանգարանը նվեր ստացավ նաև ԿԲ նախկին նախագահ, լուսահոգի Իսահակ Իսահակյանի գիրքը` Հայաստանի պետական բանկի պատմության մասին (1893 թվականից ի վեր, երբ Երևանում հիմնադրվել էր Ռուսական կայսրության պետական բանկի մասնաճյուղը)։
Պատմության թանգարանը ԿԲ–ից ստացել է ՀՀ հին ու նոր թղթադրամներ
© Sputnik / Aram Nersesyan
Ցանկացած երկրի համար սեփական դրամը պետության կարևորագույն խորհրդանիշներից է և պետք է հիշեցնի պետության անցած ուղին, նշեց ՀՀԿԲ խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը, որը թղթադրամների հավաքածուն հանձնեց Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանին։
Թե որքանով է դրամի պատմությունն ուշագրավ՝ վկայում են հայկական դրամի 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի այցելությունները, իր հերթին նշեց Պողոսյանը` հիշեցնելով, որ այս շաբաթվա վերջին ցուցահանդեսն ավարտվելու է, թեև հաջորդիվ թանգարանը կփորձի այն կրկնել։
Ավտրիականը` լավ, բա մե՞րը
Քանի ցուցահանդեսը բաց է` թանգարանի աշխատակիցները հյուրերին ներկայացրին դրա նմուշները` հիշեցնելով, որ դրամը (լիներ դա բյուզանդական, արաբական թե պարսկական) միշտ եղել է ոչ միայն վճարամիջոց, այլև` բարեկեցության խորհրդանիշ։ Օրինակ` 150-200 տարի առաջ կանանց ճակատի զարդերում` կենտրոնական տեղում, միշտ աշխատում էին փակցնել ցարական ռուբլիներ, իսկ մեծագույն «շիկ» էր համարվում այդ զարդերի համար գնել ավստրիական ոսկյա դուկատներ (Հայաստանում հայտնաբերված դրանց բոլոր նմուշները ծակված են, այսինքն` նախատեսված էին զարդեղենի համար)։
Պատմության թանգարանում
© Sputnik / Aram Nersesyan
«Այդ սիմվոլիկան գուցե հիմա էլ է մնացել։ Համենայն դեպս, իմ առաջին աշխատավարձից` 1997 թվին, մինչև հիմա հիշում եմ, ինչպես ասում էին, Անահիտ աստվածուհու 5000-անոց դրամները», – ժպտալով ասաց Նահապետյանը (և իրոք կհիշվեր, չէ՞ որ այդ ժամանակվա 5 000 դրամով կարելի էր 3-4 կիլո տավարի միս գնել)։
Օրբելի եղբայրներին այդպես էլ չտեսանք, իսկ Սարյանին` տարիներ անց
Կենտրոնական բանկը թանգարանին նվիրաբերել է նաև հայկական թղթադրամների էսքիզներ, որոնք հեղինակել է լուսահոգի Աշոտ Մանուկյանը (որը համահեղինակել է նաև շրջանառության մեջ մտած թղթադրամների զգալի մասը)։ Սրանք վկայում են, թե որքան բարդ էր ընտրել երկրորդ` 1996 թ. սերիայի համար դրամների պատկերները։ Առաջին թողարկման ժամանակ ամեն ինչ քիչ թե շատ պարզ էր. մեր կնամեծար երկրում ամենաարժեքավոր թղթադրամում` 5000-անոցում պատկերվեց Անահիտ դիցուհին։ Բայց ահա երկրորդ թողարկմանը սկսեցին պատկերվել հայ մեծերը։ Ինչպե՞ս պիտի ընտրեին, թե ում որտեղ պատկերել։
ԿԲ ցուցահանդեսը պատմության թանգարանում
© Sputnik / Aram Gareginyan
Այսպես, Աշոտ Մանուկյանի նախնական դիզայնում 500 դրամանոցի վրա պատկերված է Արամ Խաչատրյանը, իսկ 1 000-անոցում` Վիկտոր Համբարձումյանը (հետո էլ այս դրամները դարձան 50 և 100 դրամանոցներ)։
ԿԲ ցուցահանդեսը պատմության թանգարանում
© Sputnik / Aram Gareginyan
Ահա և Մարտիրոս Սարյանի դիմանկարով 100 դրամանոցը, որը, որոշակի փոփոխություններով, մի քանի տարի անց տեսանք որպես 20 հազարանոց։ Պահպանվել են նաև Մանուկյանի նախնական, մատիտով արված էսքիզները, որտեղ կա Սարյանի երեք դիմանկար` երիտասարդ, միջին տարիքի և ալեհեր (ընտրվեց, ինչպես գիտենք, վերջինը)։
Իսկ ահա Օրբելի եղբայրներին այդպես էլ թղթադրամների վրա չտեսանք, մինչդեռ 1996 թվականի էսքիզում Մանուկյանը նրանց պատկերել էր 5 000 դրամանոցի վրա (թեև` առանց Ռուբեն Օրբելու)։
ԿԲ ցուցահանդեսը պատմության թանգարանում
© Sputnik / Aram Gareginyan
«Ի լրումն սրա, թանգարանին նվիրել ենք նաև վերջին` երրորդ սերիայի թղթադրամների հավաքածու` այն էլ` առանց «նմուշ» գրության, այսինքն` գործող թղթադրամներ։ Մի օր էլ նրանք պատմություն կդառնան», – ասում է ԿԲ մասնագետ Գևորգ Թումանյանը։
Կոլեկցիոներ, ո՞ւր ես
Խորհրդային և անկախության շրջանի թղթադրամների պակասը թանգարանում գալիս էր նաև նրանից, որ ոչ ոք չէր մտածում դրանք թանգարան բերելու մասին, նշում են աշխատողները։ Ցարական կամ Առաջին հանրապետության ռուբլիները, կամ էլ` առաջին խորդհրային տարիների թղթադրամները` «червонец»-ները, պատրաստակամությամբ բերում էին թանգարան թե՛ հավաքորդները, թե՛ սովորական մարդիկ, որոնք գտնում էին դրանք պատերի մեջ` պապենական տները նորոգելիս։ Բայց 20-ականների վերջից թանգարանում սկսվել է «փողային սով», որը շարունակցում է ցայսօր։
Իհարկե, դժվար թե որևէ մեկս մեր դրամապանակից հանենք հինգ կամ տասը հազարանոց, բերենք թանգարան ու ասենք. «Սա ձեզ նվեր»։ Բայց անցան տարիներ, ու տարբեր սերունդների ռուբլիներն ու դրամներն անհետացան մեր առօրյայից, թանգարանն էլ չէր կարող դրանք գտնել։
Իսկ ահա Կենտրոնական բանկի հավաքածուի մեջ դրանք կան` թե՛ Լենինի պատկերով ռուբլիները, թե` մետաղադրամները, այդ թվում` հուշադրամները (օրինակ, 1980–ին թողարկած հանրահայտ «օլիմպիական ռուբլիները», որոնք արժեքավոր հուշանվեր են դարձել)։ Այնպես որ, գուցե մի օր թանգարանում տեսնենք նաև դրանց ցուցադրությունը։