ՀՀ ԱԳ նախարարն ասել է, թե ինչու մինչ օրս չի բացվել հայ-թուրքական սահմանը

Հայկական կողմը վերահաստատել է, որ պատրաստ է սահմանի շուտափույթ բացմանը թե՛ քաղաքական, թե՛ ենթակառուցվածքների առումով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը մինչ օրս չի բացվել երրորդ երկրների քաղաքացիների ու Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար, որովհետև հայկական կողմը սպասում է թուրքական կողմի քայլերին։

«Միակ կոմպոնենտը, որ բացակայում է, որ այդ սահմանը բացվի և աշխատի, թուրքական կողմի որոշումն է` ձեռնամուխ լինել բացմանը»,- ասաց Միրզոյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցերին, որոնք վերաբերում էին Մարգարայի անցակետին և Անիի կամրջին։

ՀՀ ԱԳ նախարարը նշեց՝ հայկական կողմը վերահաստատել է, որ պատրաստ է սահմանի շուտափույթ բացմանը թե՛ քաղաքական առումով, թե՛ ենթակառուցվածքների։
Նախարարը հիշեցրեց, որ երկու կողմից էլ ենթակառուցվածքների ուսումնասիրություն եղել է՝ անցակետերի, ճանապարհների, կամրջի։

Ինչ վերաբերում է Անիի կամրջի վերականգնմանը` Միրզոյանի խոսքով՝ այս ուղղությամբ տեղաշարժ կա։ Թուրքական կողմը վերջերս ներկայացրել է իր տեսլականը, հայկական կողմը կարձագանքի և ըստ այդմ գործընթացը կշարունակվի։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինությանը։
Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի նախկին մաքսատան շենքը շահագործման ենթակա չէ․ ՊԵԿ
Մայիսի վերջին կոմիտեն «Մարգարա» մաքսակետի կառուցման նպատակով նախագծանախահաշվային աշխատանքների նախապատրաստման վերաբերյալ պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։
Նախագծով նախատեսվում է կառուցել մեկհարկանի սպասարկման սրահ, երկու տաղավար բեռների ձևակերպման համար, երկու տաղավար հերթապահ հերթափոխի հանգստի համար, մաքսային զննման միահարկ մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներքին ճանապարհներ, երկու հսկիչ-անցագրային կետ և միահարկ պահեստ: