Հայ–ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականություն այս պահին էլ առկա է. Միրզոյան

Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարի մտահոգությունը պայմանավորված էր նաև Ադրբեջանի նախագահի` վերջին հարցազրույցի ժամանակ հնչեցրած ագրեսիվ հռետորաբանությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականություն այս պահին էլ առկա է։ 2023 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ընտրությունների (Ադրբեջանի–խմբ.) պարագայում արդյոք էսկալացիայի հավանականությունը կմեծանա՞, թե ոչ, ես կարծում եմ` էսկալացիայի հավանականություն հայ–ադրբեջանական սահմանին այս պահին էլ առկա է. այն հռետորաբանությանը, որին մենք ականատես եղանք Ադրբեջանի նախագահի ասուլիսին, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնելու մեր զգոնությունը։ Ավելին` նույն հարցազրույցի ժամանակ մենք լսեցինք անթաքույց տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, ինչպես նաև ՀՀ տարբեր քաղաքներ ու տարածքներ նա անվանում էր խեղաթյուրված ձևով»,– ընդգծեց նախարարը։
Ըստ նրա` էսկալացիայի հավանականությունը կմեծանա նաև այլ երկրներում այս ընթացքում նախատեսված ընտրությունների ժամանակ ևս։
Հիշեցնենք՝ հունվարի 10-ին ադրբեջանական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ «ոչ մի քայլ չենք շարժվի ոչ 2021 թ. մայիսին զբաղեցրած դիրքերից, ոչ էլ 2022 թ. սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից»։