ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Գորիսում կառուցելու է ՔՈԱՖ սմարթ կենտրոն: Պատասխանատուները Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ներկայացրել են ծրագրի բովանդակությունը, սպասվելիք գործողությունները: Տեղեկությունը հայտնում է Գորիսի համայնքապետարանը։
«ՔՈԱՖ սմարթ կենտրոնի կառուցման համար համայնքն արդեն հողատարածք է տրամադրել ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ։ Կենտրոնը կունենա կրթական, մշակութային, մարզական, նաև գյուղատնտեսական ու սոցիալ-ձեռնարկատիրական բաղադրիչներ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ ավելի քան 6000 երեխաներ ու երիտասարդներ հնարավորություն կունենան ներգրավվել տարբեր կրթական ծրագրերում՝ օտար լեզուներ, ձեռներեցություն, ճարտարագիտություն, աթլետիկա և այլ ուղղություններում։ Հասանելի կլինեն նաև սոցիալական և հոգեբանական անվճար ծառայություններ, միջազգային փորձագետները կանցկացնեն դասընթացներ:
Կենտրոնի կառուցապատման համար հայտարարվել է մրցույթ, որի ընթացքում կընտրվի նախագծի ճարտարապետը։
Սմարթ կենտրոնը գործելու է անվճար: Բնակավայրերի երեխաների տեղափոխությունը ևս կլինի անվճար։ Կենտրոնի կառուցման ծրագրում ներառված է նաև ֆուտբոլի դաշտի կապիտալ նորոգումը, այդ թվում՝ նոր մարզահրապարակների ստեղծումը: