«Ֆլայ Արնան» աշխատում է ավիատոմսերի վաճառքի վերսկսման ուղղությամբ. պարզաբանում

Ավիաընկերությունը մանրամասների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայաստանի ազգային «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը ավիատոմսերի վաճառքի վերսկսման առնչությամբ աշխատանքներ է իրականացնում։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս մասին հայտնել են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ֊ի հանրային կապերի բաժնից։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ ազգային ավիաընկերության տոմսերի վաճառքը դադարեցված է։ Mediahub լրատվականի տվյալներով` ընկերությանը պատկանող 2 օդանավից մեկը 2023 թվականի նոյեմբերին դուրս էր բերվել Հայաստանի օդանավերի ռեգիստրից և տեղափոխվել Շարժա, այնտեղից էլ` Հնդկաստան։ Այժմ էլ մյուս օդանավն են պատրաստվում տեղափոխել Շարժա։
«Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ «Ֆլայ Արնա» Հայաստանի ազգային ավիաընկերության կողմից ավիատոմսերի վաճառքի վերսկսման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում: Մանրամասների մասին առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկություն»,– ասված է պատասխանում:
Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի դեկտեմբերին տեղեկություններ էին տարածվել, թե ավիաընկերությունը շուտով Հայաստանից չվերթեր չի իրականացնի։ Այնուհետև «Ֆլայ Արնան» հերքեց թռիչքների կասեցման վերաբերյալ տարածված լուրերը` նշելով, որ ավիաընկերության ամրագրման համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ էին առաջացել, որոնք կարգավորվել են։