Հայաստանը և Ադրբեջանը միմյանց նախապայմաններ չեն ներկայացրել․ Միրզոյան

Sputnik
Խաղաղության պայմանագրի ստորագրման համար ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ադրբեջանը նախապայման չեն ներկայացրել գործընթացի հենց սկզբից, հրավիրված ասուլիսում ընդգծել է արտգործնխարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանի համար սկզբունքային հարց չէ` Ադրբեջանի հետ ուղիղ, թե միջնորդավորված բանակցություններ կանցկացնի, սկզբունքային են բանակցությունների բովանդակությունը և այն սկզբունքները, որոնց շուրջ դրանք պետք է տեղի ունենան, այսօր հրավիրված ասուլիսում հստակեցրել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարի խոսքով` ուղիղ կապ կա ոչ միայն վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի, այլև երկու երկրների արտգործնախարարությունների և այլ գերատեսչությունների միջև։
Նախարար Միրզոյանը չի բացառել, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի ականապատ տարածքների մասին նոր տեղեկություններ, քանի որ տրամադրված է շարունակել վստահության ամրապնդման միջոցառումները։