ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հունվարի 1-ի դրությամբ հանրային մուլտիպլեկսում հեռարձակվող հեռուստատեսություններից 3-ը կուտակել են ժամկետանց դեբիտորական պարտք, այդ թվում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հեռուստաընկերությունը՝ «Freenews»–ը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն օրեր առաջ պատժամիջոց էր կիրառել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հեռուստաընկերության նկատմամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ԲՏԱ նախարարություն՝ հասկանալու համար, թե էլ որ հեռուստաընկերություններն են ենթարկվել պատժամիջոցների, և որոնք ունեն չվճարված պարտքեր։
«Հունվարի 1-ի դրությամբ «Ա-Թիվի» ՍՊԸ-ն կուտակել է 32 մլն ՀՀ դրամ պարտք, «Ֆրինյուզ» ՍՊԸ-ն՝ 23,3 մլն ՀՀ դրամ, «Ֆորտունա» ՍՊԸ-ն՝ 5,4 մլն ՀՀ դրամ»,–հայտնել են նախարարությունից։
Լրատվամիջոցին նաև հայտնել են, որ 2024 թվականի «Ա-Թիվի» ընկերությունը 32 մլն ՀՀ դրամ պարտքից մարել է 13,3 մլն ՀՀ դրամ գումարը։ Ընկերությունը պարտքի մյուս մասը կմարի դատարանի սահմանած ժամանակացույցով։ «Ֆրինյուզ» ընկերությունը 23,3 մլն ՀՀ դրամ պարտքից մարել է 1,5 մլն ՀՀ դրամ, պարտքի մնացորդն այս պահին կազմում է 21,8 մլն ՀՀ դրամ։ «Ֆորտունա» ընկերությունն ամբողջությամբ մարել է պարտքը։