Զելենսկու խաղաղության բանաձևը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է. Լավրով

Եթե Ուկրաինան դադարեցնի պատերազմը, նրա հարյուրհազարավոր քաղաքացիներ ստիպված չեն լինի զոհվել արևմտյան աշխարհաքաղաքական շահերի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Այսպես կոչված Զելենսկու խաղաղության բանաձևը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Այս մաիսն հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի Ուկրաինայի հարցով նիստի ժամանակ։
«Ցավալի է, որ ՄԱԿ–ի քարտուղարությունը վտանգում է իր հեղինակությունը։ Այս բոլոր բանաձևերը ոչ մի տեղ չտանող ճանապարհ են, և որքան շուտ Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում, Բրյուսելում դա գիտակցեն, այնքան լավ կլինի և՛ Ուկրաինայի, և՛ Արևմուտքի համար»,– ասել Է Լավրովը։
«Խաղաղության բանաձևը», որը մշակվել և առաջ է քաշվել Կիևի կողմից, պահանջում է վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ապահովել նրա համար անվտանգության եվրատլանտյան երաշխիքներ և հատուկ տրիբունալի ստեղծում` Ռուսաստանին վերագրվող «ռազմական հանցագործությունների» հետաքննության համար: Զելենսկու «խաղաղության բանաձևը» Մոսկվայում համարում են իրականությունից ամբողջովին կտրված։
Միևնույն ժամանակ, ըստ արտգործնախարարի, Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ: Նա կոչ է արել ականջալուր լինել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի դիրքորոշմանը, քանի դեռ ժամանակ կա։
«Հիշեցնեմ, որ մենք երբեք չենք հրաժարվել և միշտ պատրաստ ենք բանակցել։ Բանակցությունները, սակայն, պետք է լինեն ոչ թե այն մասին, թե ինչպես իշխանության ղեկին պահել Կիևի ռեժիմի պարագլուխներին և անձնատուր լինել նրանց երևակայությանը, այլ այն մասին, թե ինչպես հաղթահարել երկրի տասնամյա ավերիչ թալանի և նրա ժողովրդի նկատմամբ բռնության ժառանգությունը»,– ասել է նախարարը:
Ռուսաստանի դեմ բլիցկրիգը պատրանք է, իրավիճակն արմատապես փոխվել է․ Լավրով
Լավրովը նաև ասել` եթե Ուկրաինան դադարեցնի պատերազմը, նրա հարյուրհազարավոր քաղաքացիներ ստիպված չեն լինի զոհվել արևմտյան աշխարհաքաղաքական շահերի և այսպես կոչված «ժողովրդավարական արժեքների» համար:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում ուկրաինացի ժողովրդի շահերը չեն եղել ու չկան, կան միայն «անգլոսաքսերի, նրանց ձեռքի տակ գտնվող հանցավոր կիևյան վերնախավի շահերը, որոնք վախենում են, որ իրենց կվերացնեն պատերազմի ավարտի հենց հաջորդ օրը»։
Իսկ Ուկրաինային ԱՄՆ օգնությունը հիշեցնում է ոչ թե ռազմական գործողությունների ֆինանսավորում, այլ շահութաբեր բիզնես–նախագիծ։
«Պարոն Բլինկենը՝ ԱՄՆ պետքարտուղարը, շեշտը դնում է նրա վրա, որ Ուկրաինային տրամադրվող օգնության շարունակումը ԱՄՆ–ում նոր աշխատատեղերի ստեղծման երաշխիք է։ Խոսքն, ասես, Ուկրաինայում հարյուրհազարավոր կյանքեր խլած պատերազմի ֆինանսավորման մասին չէ»,– ասել է նախարարը։
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայում ԱՄՆ–ի ձեռնարկատիրական գործունեության վառ օրինակ է գործարար Ջորջ Սորոսի կառույցների ստացած սևահողերը` արևմտյան քիմիական արդյունաբերության թափոնների թաղման համար:
«Ուկրաինական խոշոր գործարանների և ընկերությունների մեծ մասը, որոնք արտադրում էին նաև լիթիում, վաճառվել են նույն ամերիկացիներին։ Բերրի հողերն իրենց իսկ կողմից անժամկետ վարձակալության են հանձնվել կոպեկներով»,– հավելել Է Լավրովը։
Նա նաև հայտարարել է, որ Կիևն արևմտյան զենքի մի մասը վերավաճառում է սև շուկայում և դժվար է պատկերացնել, որ այդ մասին չգիտեն Արևմուտքի մայրաքաղաքներում:
Միևնույն ժամանակ, Լավրովի խոսքով, մահաբեր առևտրով զբաղվողներին ամենևին չի անհանգստացնում, որ նրանց զենքով, այդ թվում՝ կասետային զինամթերքով և քայքայված ուրանի արկերով, անողոքաբար և դիտավորյալ հարվածում են քաղաքացիական օբյեկտներին, ինչպես, օրինակ, Բելգորոդի բնակելի թաղամասերին 2023–ի դեկտեմբերի 30–ին, իսկ այս տարվա հունվարի 21–ին` Դոնեցկի շուկային և խանութներին հարվածելու ժամանակ:
ԱՄՆ-ն զգուշանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները հիմնովին քանդելուց. Լավրով
Եզրափակելով իր խոսքը` Լավրովն ասել է, որ տասնյակ զոհված խաղաղ բնակիչների արյունը նրանց խղճին է, ովքեր զինում են Զելենսկու ռեժիմը և միևնույն ժամանակ պաշտոնապես հայտարարում, որ Կիևի իշխանություններն իրավունք ունեն թիրախներ ընտրել հարվածներ հասցնելու համար: