ՌԱԴԻՈ

Սնանկացած շինարարներ, անավարտ շենքեր. ինչով կավարտվի ներկայիս շինարարական բումը

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է բնակարանաշինական ծրագրերի վերաբերյալ իր կանխատեսումները` հաշվի առնելով ոլորտի վրա կառավարության ու Երևանի քաղաքապետարանի ընդունած իրավական կարգավորումների հնարավոր հետևանքները։
Sputnik
Հաջորդ տարվանից, երբ Երևանում կդադարի գործել եկամտահարկի վերադարձի մեխանիզմը, ՀՀ–ում կառուցապատման տեմպերն էականորեն կնվազեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կանխատեսում արեց «Կառուցապատողների հակական ասուցիացիա» ՀԿ–ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
«Եթե այս ծրագիրը չլինի, քչերին հասու կլինի ներկայիս բարձր տոկոսադրույքներով վարկ ձևակերպելը և վարկային միջոցներով անշարժ գույք ձեռք բերելը»,– նկատեց մեր զրուցակիցը` հավելելով, որ շինարարության տեմպերի նվազումն անխուսափելիորեն բացասաբար կանդրադառնա տնտեսության մյուս ճյուղերի վրա ևս։
Հայտնել ենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից Երևանում ամբողջությամբ կդադարեցի հիփոթեքային վարկի մարման նպատակով եկամտային հարկի վերադարձը։
Հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն` 2027 թ. հունվարի 1–ից եկամտային հարկի վերադարձը չի գործի նաև Երևանի հարակից մարզերում` Արագածոտնում, Արմավիրում ու Կոտայքում, իսկ 2029 թ. հունվարի 1–ից արդեն`ամբողջ Հայաստանի տարածքում։
Կառուցում են, բայց ինչպե՞ս... Հայաստանում կփոխեն շինարարության որակի հսկողությունը
Բացի այդ,Երևանի քաղաքապետարանն էլ այս տարվա հունվարից կտրուկ բարձրացրել է կառուցապատողների համար նախատեսված տեղական որոշ տուրքերի չափերը։
Կառուցապատողների գնահատմամբ` այս բոլոր փոփոխություններն առաջիկայում անխուսափելիորեն կհանգեցնեն շինարարության տեմպերի կտրուկ կրճատման։
«ՀՀ–ում այսօր քաղաքաշինական ծրագրերի շուրջ 60-70 տոկոսն իրացվում է եկամտահարկի վերադարձի ծրագրի շրջանակում։ Եթե այս ծրագիրը դադարեցվի, մեր պատկերացմամբ` շուկայում պահանջարկը 60-70 տոկոսով կնվազի։ Այսօր ՀՀ–ում քաղաքաշինական բում է, որովհետև մարդիկ գիտակցում են, որ վերջին տարին է, երբ կարող են եկամտահարկի վերադարձով բնակարան ձեռք բերել։ Մարդիկ չեն ուզում այդ շանսը բաց թողնել, նույնիսկ եթե չունեն բնակարանի կարիք»,– ենթադրում է մասնագետը։
Գուրգեն Գրիգորյանը կարծում է, որ 2025-26թթ–ին շինարարական ծրագրերի որոշակի ակտիվությունը դեռ կպահպանվի երևանամերձ հատվածներում։ Բայց ավելի հեռավոր բնակավայրերում նույնիսկ եկամտահարկի վերադարձի գործիքի առկայությունը, նրա կանխատեսմամբ, հազիվ թե շինարարական ծրագրերի իրականացման խթան հանդիսանա։
Երևանում փոշու ամպեր առաջացրած շինարարները պետք է տուգանվեն. Ավինյան
«Հեռավոր մարզերում չկա պահանջարկ։ Իսկ շինարարությունը տնտեսության այն ճյուղն է, որտեղ պահանջարկն է ձևավորում առաջարկը, և ոչ թե հակառակը։ Փաստ է, որ այս տարիների ընթացքում կառուցապատողները Երևանից էական հեռավորության վրա գտնվող համայնքներում բնակարանաշինական ծրագրեր այդպես էլ չսկսեցին։ Մարզում չկա այնպիսի բարձր աշխատավարձային ֆոնդ, ինչպիսին Երևանում է, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել հիպոտեկային վարկավորման ծրագրից» ,– նշում է Գրիգորյանը։
Վերը հիշատակված իրողությունները հաշվի առնելով` Կառուցապաողների ասոցիացիայի նախագահը չի բացառում, որ առաջիկա մի քանի տարիներին ՀՀ–ում կլինեն շինարարական կազմակերպություններ, որոնք կսնանկանան, կլինեն նաև անավարտ թողված շինարարական ծրագրեր։