Խուլիգանություն Չարենցավանի հանդիսությունների սրահներից մեկի բակում. կան ձերբակալվածներ

Վիճաբանության մասնակից երիտասարդները ձերբակալվել են և ներկայացվել Չարենցավանի քննչական բաժին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Չարենցավան քաղաքի հանդիսությունների սրահներից մեկի բակում վիճաբանություն է եղել չարենցավանցի հինգ երիտասարդների միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, իսկ 23-ամյա երիտասարդը գազային ատրճանակից օդ է կրակել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 20-ին, ժամը 21.20-ի սահմաններում։
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին՝ ներկայացնելով գազային ատրճանակը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին:
Խուլիգանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխվել միջադեպի մյուս չորս մասնակիցները: Նրանք նույնպես ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է: