ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. ՀՀ իշխանությունները փորձում են արհեստականորեն շունչ հաղորդել խաղաղության գործընթացին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին` կապված Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունները կարգավորելու հետ։
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորում կուսակիցների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանցից լրացուցիչ երաշխիքներ են պահանջում` փոխադարձաբար տարածքային նկրտումներ չունենալու մասին։
Այս ֆոնին քաղտեխնոլոգը հիշեցնում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները երբևէ տարածքային պահանջներ չեն ներկայացրել Ադրբեջանին։
«Չեմ հիշում երբևէ Հայաստանը որևէ տարածքային պահանջ դներ Ադրբեջանի դեմ և չեմ հիշում, որ մինչև հիմա ՀՀ–ն երաշխիքներ ուզեր Ադրբեջանից Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որովհետև նման հայտարարություն Ալիևի կողմից փաստացի չի եղել, եթե չհաշվենք Պրահայում ստորագրված փաստաթուղթը։ Մինչդեռ Հայաստանը բոլոր պատեհ առիթներով հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կիլոմետրերով»,–ասում է նա։
Հակոբյանը կարծում է, որ իշխանություններն ու մասնավորապես վարչապետ Փաշինյանը նոր նախաձեռնություններով են հանդես գալիս` այդպիսով փորձելով նոր իմպուլսներ տալ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, սակայն ակնհայտ է, որ այդ գործընթացը գրեթե տապալման փուլում է։
Քաղտեխնոլոգը նշում է, որ փոխադարձաբար միմյանց սպառազինությունները վերահսկելու Փաշինյանի առաջարկը ընդհանրապես դուրս է խաղաղության գործընթացի տրամաբանությունից, և այդ իմաստով դժվար թե լուրջ արձագանքներ լինեն։
«Ի վերջո, փաստը մնում է փաստ, որ այսօր պետք է ուշադիր լինել Ալիևի հայտարարություններին ու կանխատեսումներին, քանի որ հետպատերազմյան անցած տարիները ցույց են տվել, որ գործընթացները առայժմ գնում են ավելի շատ Ադրբեջանի ղեկավարի նախատեսած սցենարով, քան Փաշինյանի ասածներով»,-արձանագրում է Հակոբյանը։
Իսկ Ալիևի հայտարարություններն ու նպատակները հասկանալի են, քանի որ նա խոսում է հաղթողի դիրքերից, իսկ երաշխիքներ սովորաբար աղերսում են պարտվածները։ Այս առումով պարզ է, որ լավագույն դեպքում, եթե երաշխիքներ լինեն, դրանք կարող են լինել միայն միջազգային որևէ կարգավիճակ ունեցող ինստիտուտի կամ երկրի կողմից։
«Երբ խոսում են երաշխիքների մասին, հասկանալի չէ, թե այդ երաշխիքների մեխանիզմը որը պետք է լինի. պետք է երդվե՞ն, պետք է ինչ-որ փաստաթղթե՞ր ստորագրեն. Ալիևն ուղղակիորեն ասում է, որ միջազգային երաշխավորումներն իրենց համար անընդունելի են»,–հավելում է նա։
Այնուամենայնիվ քաղտեխնոլոգը կարծում է, որ լրացուցիչ երաշխիքների մասին որևէ դիսկուրս գոյությունի չունի, քանի որ, դատելով Ալիևի վերջին հայտարարություններից, գործընթացն այլ ուղղությունով է գնում։ Նրա մոտ տպավորություն է, թե Ալիևն ու Փաշինյանը տարբեր բանակցային գործընթացների են մասնակցում, տարբեր օրակարգերով և տարբեր փաստաթղթերի մասին են խոսում։
Ավելին` խաղաղության պայմանագիր ստորագրելն էլ Հակոբյանը իրականությունից հազարավոր կիլոմետրերով հեռու է համարում։
«Եթե անգամ ինչ–որ փաստաթուղթ էլ ստորագրվի, այն դժվար թե աշխատող լինի, առավել ևս, եթե միջազգային երաշխավորներ չկան։ Կարծում եմ` այսօրվա դրությամբ նույնիսկ միջազգային երաշխավորների ինստիտուտի պարագայում այդ փաստաթուղթը որևէ լուրջ արժեք չի ունենա, իսկ իշխանությունն իր ապաշնորհ արտաքին քաղաքականության պատճառով այնպիսի արդյունքներ է տվել, որ նրանց այսօր երաշխիքներ տալը պարապ խոսակցություն է և զուտ քաղաքական ժեստից այն կողմ չի անցնելու»,–ասում է մեր զրուցակիցը։
Ամփոփելով` նա ընդգծեց, որ եթե իրոք մոտ ժամանակներում կողմերը ինչ-որ փաստաթղթի ստորագրմանը մոտենան, դա կլինի Ադրբեջանի սցենարով փաստաթուղթ, որի կետերը բացահայտվեց Ալիևի ելույթում։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։