«Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն». ԿԳՄՍՆ առաջարկը

Հայոց պատմության դասագիրք
Նախարարությունից վստահեցնում են, որ կատարվող փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Նման առաջարկ է արել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը։ Այս նախագիծը հրապարակված է Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում։
«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է հանրակրթության պետական չափորոշիչի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»,- նշված է նախագծի բնութագրի մեջ։
Նշվում է նաև, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5–6–րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ հանրակրթության պետական չափորոշիչի 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան։
Նախարարությունից վստահեցնում են, որ կատարվող փոփոխությունն իրականացվում է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում: Մասնավորապես, Հնդկաստանի, Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի պատմությունը ներկայացվում է տվյալ երկրի անվամբ առարկայի շրջանակներում։
Հանել դպրոցներից 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը. եկեղեցու պահանջը ԿԳՄՍՆ–ից
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարել էր, որ մեր դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան պետք է վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Նրա համոզմամբ` այստեղ խորքային մեծ տարբերություն կա, քանի որ հայ ժողովրդի պատմություն, որը պետականության բացակայության դրվագներ ունի, իսկ «Հայաստանի պատմություն»–ը նշանակում է պետականության պատմություն։
Նաև դեռ 2019 թ. Փաշինյանն անդրադարձել է դպրոցում հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմության դասավանդմանը` ասելով «Իսկ ինչո՞ւ չունենանք, ասենք, հայ պետականության պատմություն»։