Երևանում 2024-ին տեղի կունենան զանգվածային միջոցառումներ, որոնցից մի քանիսը` առաջին անգամ

Մասնավորապես, անցկացվելու է 15 միջազգային մրցաշար, որից 5-ը՝ խաղային մարզաձևից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի-Sputnik. Երևանում 2024 թվականին տեղի կունենան մի շարք զանգվածային, միջազգային և քաղաքային միջոցառումներ, որոնցից մի քանիսն առաջին անգամ են:
Այս մասին հայտնել են քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Մասնավորապես, անցկացվելու է 15 միջազգային մրցաշար, որից 5-ը ՝ խաղային մարզաձևից. դրանք առաջին անգամ անցկացվելու են «Երևանի քաղաքապետի գավաթ»-ի հովանու ներքո: Խոսքը բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի, բադմինտոնի, հանդբոլի մասին է։
Մասնակիցները կմրցեն նաև ըմբշամարտում, ազատ ոճի ըմբշամարտում, հունահռոմեական ըմբշամարտում, ձյուդոյում, մարմնամարզությունում, շախմատում, մարաթոնային վազքում:
Ընթացիկ տարում կկազմակերպվի նաև Երևանի առաջնություն, որը կներառի 13 մարզաձև: Առաջին անգամ կանցկացվի նաև գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին նվիրված շախմատի մրցաշար և Երևանյան մարաթոն, որին կմասնակցեն հազարից ավելի մասնակիցներ:
Հունիսին Երեւանում կանցկացվեն բռնցքամարտի և ըմբշամարտի միջազգային մրցաշարեր, որոնք ազգային հավաքականների համար վերջին քննությունն են լինելու Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերից առաջ:
2024 թվականին կանցկացվի նաև հաշմանդամություն ունեցող անձանց սպարտակիադա, ինչպես նաև տարեցների մրցումներ։