ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայկական 31 ընկերության արտադրանք ներկայացված է Բեռլինի «Կանաչ շաբաթ 2024» 88–րդ միջազգային տոնավաճառում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Հայկական արտադրատեսակները «Կանաչ շաբաթ 2024» 88–րդ միջազգային տոնավաճառում
«Հայկական տաղավարում ներկայացված է գյուղատնտեսության, սննդարդյունաբերության և խմիչքի արտադրության ոլորտը ներկայացնող 31 հայկական ընկերության արտադրանք»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի տաղավարը Բեռլինի «Կանաչ շաբաթ 2024» 88–րդ միջազգային տոնավաճառում
Նշվում է, որ Բեռլինի ցուցահանդեսների կենտրոնում մեկնարկած «Կանաչ շաբաթ 2024» 88–րդ միջազգային տոնավաճառը կարևոր հարթակ է խմիչքի և սննդի արդյունաբերության ոլորտներում։
Հայաստանի պատվիրակները Բեռլինի «Կանաչ շաբաթ 2024» 88–րդ միջազգային տոնավաճառում
Տոնավաճառին ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտահանման խթանման միջոցառումների ծրագրի շրջանակներում Հայաստանը հանդես է գալիս միասնական տաղավարով։
Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցում է շուրջ 1700 ներկայացուցիչ 68 երկրից։