Ադրբեջանը պետք է վերադառնա հաստատուն խաղաղության Հայաստանի հետ. Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը նաև ասել է, որ ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ադրբեջանը պետք է վերադառնա հաստատուն խաղաղության և կարգավորման երկխոսության Հայաստանի հետ։ Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստի ավարտից հետո ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները` տարածքային հավակնությունների մասին, խիստ մտահոգիչ են։ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կլինի անընդունելի և կունենա լրջագույն հետևանքներ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար»,– հայտարարել է Բորելը։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում փաստացի բաց տեքստով պահանջել էր Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք՝ ասելով, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան բեռներն ու մարդիկ պետք է անցնեն առանց որևէ ստուգման, հակառակ դեպքում Հայաստանի հետ սահմանը չի բացվի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն օրը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային տարբերակներով Նախիջանի հետ կապ տրամադրել Ադրբեջանին` ինչպես դա անում է Իրանը։
Վարչապետը նշել էր նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաները պետք է բացվեն միայն այն դեպքում, եթե դրանից հետո կասկածի տակ չդրվեն, երկրների սուվերենությունն ու ինքնիշխանւթյունը։