Կիրակի օրը լրացավ Վլադիմիր Իլյիչ Լենինի մահվան 100-րդ տարելիցը։ Վերջին շաբաթներին նա այլեւս չէր կարողանում քայլել ու խոսել, թեեւ գիտակցությունը կարճ ժամանակով վերադառնում էր։ Չգիտեմ, տեսե՞լ եք արդյոք Ալեքսանդր Սոկուրովի «Ցուլը» ֆիլմը, որտեղ էսպիսի մի դրվագ կա. մահացող Լենինը դիմում է կնոջը՝ Նադեժդա Կրուպսկայային. «Ես վաղուց էի ուզում ձեզ հարցնել՝ դուք պատրաստվում եք ապրե՞լ իմ մահից հետո։ Կարծում եք, որ կյանքն առանց ինձ շարունակվելո՞ւ է, արեւն էլի ծագելո՞ւ է, իսկ քամին փչելո՞ւ է»։ Սա, իհարկե, գեղարվեստական ստեղծագործություն է, բայց, համաձայնեք, չափազանց հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպես էր Լենինը գնահատելու մեր այսօրվա իրականությունը, եթե հրաշքով վերակենդանանար։