Գուտերեշն անընդունելի է համարել պաղեստինցիների` պետություն ունենալու իրավունքը չճանաչելը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ակնարկել էր, որ ներկայիս պայմաններում Իսրայելը մտադիր է ապահովել իր անվտանգությունը միայն պաղեստինյան տարածքներում վերահսկողության պահպանման դեպքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի ստեղծման մասին որոշումից, ինչպես նաև պաղեստինցիների՝ պետականություն ունենալու իրավունքը ճանաչելուց հրաժարվելն անընդունելի են։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անուղղակիորեն ակնարկել էր, որ իր կառավարման օրոք պաղեստինյան պետություն չի կարող ստեղծվել, քանի որ ներկայիս պայմաններում Իսրայելը մտադիր է ապահովել իր անվտանգությունը միայն պաղեստինյան տարածքներում վերահսկողության պահպանման դեպքում:
«Իսրայելցիների և պաղեստինցիների համար երկու պետություն ստեղծելու որոշումն ընդունելուց հրաժարվելը, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի պետականության իրավունքի ժխտումն անընդունելի են»,- գրել Է Գուտերեշը X-ի իր էջում:
Նրա խոսքով՝ Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետություն կառուցելու իրավունքը պետք է ճանաչվի բոլորի կողմից:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրը
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: