ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Բրազիլական ավիաընկերությունները չեղյալ են հայտարարում դեպի Արգենտինա չվերթերը հունվարի 24-ին կայանալիք համընդհանուր գործադուլի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է G1 հարթակը:
«Արգենտինայում հունվարի 24-ին սպասվող համընդհանուր գործադուլը, որը հայտարարվել էր Աշխատանքի համընդհանուր համադաշնության կողմից, ստիպել է բրազիլական ավիաընկերություններին չեղարկել այդ օրվա չվերթերը», - նշված է հարթակի հաղորդագրության մեջ, որում հղում է արվում Latam և Gol ավիաընկերությունների տվյալներին։
Արգենտինայի աշխատանքի համընդհանուր համադաշնությունը՝ CGT -ն, որոշել է հունվարի 24-ին համընդհանուր գործադուլ անցկացնել, որին միացել են մի շարք արհմիություններ:
CGT-ն դեմ է Արգենտինայի նոր նախագահ Խավիեր Միլեյի՝ տնտեսության ազատականացման ավելի քան 300 բարեփոխումների մասին Արտակարգ հրամանագրին, որը վերաբերում է բոլոր ոլորտներին, իսկ նախօրեին դատապարտել է պատգամավորների ստորին պալատի խոսնակի ենթադրյալ գաղտնի հանդիպումները խմբակցությունների ղեկավարների հետ, որոնցում ենթադրաբար քննարկվել է բարեփոխումների արագացված ընդունումը:
Խավիեր Միլեյի այսպես կոչված «համախմբված օրենքը», ի թիվս այլ բաների, ներառում է գործող վարձակալության մասին օրենքի չեղարկումը, որից դժգոհ էին և՛ վարձակալողները, և՛ տանտերերը, գների կարգավորման չեղարկումը, որը կիրառում էր նախորդ կառավարությունը՝ զգայուն ապրանքների վրա արժեքի բարձր կետ սահմանելով: Հրամանագրով նախատեսված է նաև առողջապահական համակարգում ներդրումների բարեփոխում, ճանապարհ է բացվում պետական ընկերությունների մասնավորեցման համար։