ԵԱՏՄ երկրների մայրաքաղաքներում, ընդհանուր առմամբ, բնակվում է մոտ 18 միլիոն 760 հազար մարդ։ Այս մասին է վկայում 2023 թվականի համար միության երկրների մայրաքաղաքների վերաբերյալ«Геостатистика» Telegram ալիքի պատրաստած համեմատական վիճակագրությունը։
Բնականաբար, ամենամեծ քաղաքը Մոսկվան է, այստեղ ապրում է 13 միլիոն 104 հազար մարդ։ Հաջորդը Մինսկն է` երկու միլիոն բնակչությամբ (1 միլիոն 995 հազար): Աստանայում բնակվում է 1 մլն 424 հազար մարդ։ Իսկ ահա ավագ սերնդի ընթերցողների համար, որոնք սովոր են խորհրդային վիճակագրությանը, հետաքրքիր կլինի իմանալ, որ Բիշքեկը վերջին տարիներին բնակչության թվով առաջ է անցել Երևանից։
Խորհրդային տարիներին Ղրղզստանի մայրաքաղաքը, ի տարբերություն Երևանի, միլիոնանոց քաղաք չէր, իսկ հիմա այնտեղ 1 մլն 133 հազար մարդ է, ապրում, մինչդեռ Երևանը 1 մլն 103 հազար բնակիչ ունի։ Փոխարենը Երևանը պահպանում է բացարձակ առաջնությունը (ճիշտ է, հայտնի չէ դրական, թե բացասական նշանով) մայրաքաղաքում բնակչության կենտրոնացման առումով. այստեղ ապրում է ողջ Հայաստանի բնակչության (2 մլն994 հազար մարդ) 36,8%-ը։ Սա արտացոլում է մայրաքաղաքի և մարզերի անհամաչափ զարգացման մասին բազմամյա հայտարարությունները։
Այս խտությունը բավականին բարձր է Մինսկում (21,7%): Բիշքեկում բնակվում է երկրի բնակչության 16,3%-ը, Մոսկվայում8,9%-ը, Աստանայում 6,9%-ը։ Վերջին դեպքում համեմատաբար ցածր թիվն այնքան էլ զարմանալի չէ, քանի որ Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում մոտ մեկուկես անգամ ավելի շատ մարդ է ապրում (2 միլիոն 220 հազարից մի փոքր ավելի):