ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի 4 բնակիչների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կողոպուտ, խուլիգանություն կատարելու, «Սևան» ազգային պարկի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշենք, որ դեկտեմբերի 20-ին ՀՀ ՔԿ–ն տեղեկացրել էր, որ Գեղարքունիքում ձկնորսները զանգվածային խուլիգանություն են կատարել, բռնություն են կիրառել ծառայողական պարտականություններն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ։ Արդյունքում ձերբակալվել էր 26 անձ։ Օրեր անց 25–ն ազատ էին արձակվել, և միայն 1-ը 1 ամսով կալանավորվել էր։
«Վերոնշյալ անձինք, այդ թվում՝ Վ.Ե.-ն. Գ.Ս.-ն, Հ.Ա.-ն և Ս.Ա.-ն, սկսել են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել, նախապես իրենց հետ վերցրած ջրով և դյուրավառ հեղուկներով լցված շշերը, փայտերը, երկաթյա առարկաները, մուրճերը նետել են նավի վրա գտնվող աշխատակիցների և ոստիկանության ջրային պարեկների ուղղությամբ»,– նշված է հաղորդագրությունում:
Այնուհետև խուլիգանության մասնակիցներից մոտ չորս տասնյակ անձինք, այդ թվում՝ Վ.Ե.-ն. Գ.Ս.-ն, Հ.Ա.-ն և Ս.Ա.-ն, հարձակվել են ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա, ձեռքերով, ոտքերով, թիերով, փայտերով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել ՊՈԱԿ-ի աշխատակիցներին:
Արդյունքում աշխատակիցներից 5-ին պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է համապատասխանաբար Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: