ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հայաստանում առողջության ապահովագրության համակարգի ներդրմամբ բացվելու է տնտեսության մեծ ճյուղ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում տեղի ունեցած առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մասին խորհրդակցության ժաանակ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Իմ կարծիքով` այս բարեփոխումն անխուսափելիորեն բերելու է մեր առողջապահական համակարգի զարգացմանը և մրցունակության մեծացմանը, և առողջապահական տուրիզմի ներհոսքի այն միտումները, որոնք նկատվում են, կշարունակվեն: Պետք է լրացուցիչ խթանենք առողջապահական տուրիզմը, որովհետև իմ կարծիքով, սա կարող է օգուտներ բերել առնվազն ֆիսկալ հատվածով, այդտեղ կարող ենք ունենալ բյուջեի լրացուցիչ եկամուտներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու գաղափարները` սեղմ ժամկետներում լավարկել նախագիծը, որի շուրջ քննարկումները կշարունակվեն:
Համակարգի ներդրման փուլը նախատեսվում է սկսել օրենքի և ենթաօրենսդրական փաթեթների ընդունումից հետո: Պետության կողմից ամբողջությամբ սուբսիդավորվող բնակչության խմբերի ապահովագրությունը կիրականացնի նոր ստեղծվելիք հիմնադրամը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առողջապահության ոլորտում բարեփոխումների շարունակականության ապահովման, մատուցվող ծառայությունների հետևողական բարելավման, ինչպես նաև համակարգում կանխիկի շրջանառության վերացման անհրաժեշտությունը: