ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Տավուշի մարզի 23-ամյա բնակիչն ապօրինի ծառահատում իրականացնելուց հետո փորձելով փախուստի դիմել` դիտավորությամբ հարվածել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Նիսան Պատրուլին», ինչի հետևանքով մեքենան ընկել է ձորը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Հաղորդվում է, որ սկզբում փայտանյութով բարձված առանց համարանիշերի «ԳԱԶ-66» և «ՈւԱԶ» մակնիշի մեքենաները Վազաշեն բնակավայրի վերջնամասում փորձել է կանգնեցնել անտառային կոմիտեի ծառայության աշխատակիցը, ինչից հետո դեպքի վայր է եկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խումբը։ Սակայն «ՈւԱԶ»-ը դիտավորությամբ հարվածել է շրջակա միջավայրի նախարարության «Նիսան Պատրուլին», ինչի հետևանքով մեքենան ընկել է ձորը, իսկ «ԳԱԶ-66»-ը և «ՈւԱԶ»-ը հեռացել են:
«Պարզվել է փայտանյութով բեռնված և փախուստի դիմած «ՈւԱԶ»-ի և «ԳԱԶ-66»-ի վարորդների ինքնությունը: «ՈւԱԶ»-ի 23-ամյա և «ԳԱԶ-66»-ի 59-ամյա վարորդները հայտնաբերվել, ձերբակալվել, և, մեքենաներով հանդերձ, տեղափոխվել են Իջևանի բաժին»,– նշված է հաղորդագրությունում։
23-ամյա երիտասարդը հայտնել է, որ փայտանյութն ապօրինի ձեռք է բերել Բերդ համայնքի անտառտնտեսության տարածքից՝ հատելով ծառի ճյուղեր:
Նաև հայտնել է, որ ինքն է «ՈւԱԶ»-ով հարվածել և «Նիսան Պատրուլը» գցել ձորը: Իսկ 59-ամյա տղամարդը հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի անտառից ապօրինի հատել է երկու կանգուն ծառ: