ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Ադրբեջանցիները վերադարձրել են Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարներին։ Լուրը լրատվամիջոցներին հաստատել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Նշենք, որ երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ 5 ադրբեջանցի, որոնցից մեկը` զինված, արոտավայրի ճանապարհին հափշտակել են Արավուս գյուղի բնակիչ Արմեն Ջհանգիրյանի շուրջ 270 գլուխ ոչխարները։
Tert.am-ը զրուցել է Արմեն Ջհանգիրյանի հետ, որը հայտնել է, որ հունվարի 19–ի երեկոյան՝ ժամը 22։00-ին են մանր եղջերավոր կենդանիներին բերել։
«Ադրբեջանցիներն ինչքան ոչխար են տարել, այնքան էլ հետ են բերել, խնդիրը կարգավորվել է մեր անվտանգության զորքերի միջոցով։ Նրանք են բանակցել ու վերադարձրել»,- ասել է նա։
Հիշեցնենք` դեպքի հետ կապված` ՀՀ ՊՆ–ն Sputnik Արմենիայի–ն ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել ևս ներթափանցման փորձ տեղի չի ունեցել: