Հայաստանն ու Ադրբեջանը միմյանցից լրացուցիչ երաշխիքներ են ակնկալում. Փաշինյան

Sputnik
Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում անցկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, մանրամասնել, թե բանակցությունների ինչ փուլում են այսօր Երևանն ու Բաքուն։
Ըստ Փաշինյանի`Հայաստանը և Ադրբեջանը միմյանցից լրացուցիչ երաշխիքներ են պահանջում` փոխադարձաբար տարածքային նկրտումներ չունենալու մասին։
«Բաքվից հնչող հայտարարությունները կարող են նույնիսկ տպավորություն թողնել, թե Ադրբեջանը ցանկանում է դիտավորյալ, նպատակամղված խաղաղության գործընթացը փակուղի մտցնել ինչ-ինչ հետագա նպատակներով, բայց նույնիսկ այս մեկնաբանության պարագայում, մենք մեր ռազմավարությունը չպետք է փոխենք, մեր ռազմավարությունը եղել է և պետք է շարունակի մնալ ՀՀ-ի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ամրապնդումը, հաստատումը՝ Ալմաթայի հռչակագրի հիման վրա»,-նշել է վարչապետը։