Հայաստանում սիրողական ձկնորսության այս տարվա թույլատրելի տեսակների ու չափքանակների մասին ՇՄ նախարարի հրամանը դեռ քննարկման փուլում է։ Սևանում արդյունագործական ձկնորսության մասին կառավարության որոշումն էլ դեռ շրջանառում է նախարարություններում։
«Հունվարի 20-ից հետո չի թույլատրելու։ Արգելքի խստացման ժամանակահատվածը պայմանավորված է սիգի ինտենսիվ ձվադրման ժամանակահատվածով և առավել խիստ վերահսկողական միջոցառումներ իրականացնելու պահանջով։ Բայց այնպես չէ, որ հունվարի 20-ից հետո արդեն թույլատրվում է իրականացնել սիգի որս։ Սիգի որսը կառավարության որոշման նախագծով նախատեսվու է սկսել մարտի 1-ից։ Դրանով նախատեսում է սիգի արդյունագործական որսը այս տարի թույլատրել մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը։ Որսի համար թույլատրելի քանակընախատեսված է 255 տոննա` նախորդ տարվա 300–ի փոխարեն։ Որսաքանակի նվազեցման պատճառը Սևանում սիգի պոպուլյացիայի կրճատումն է»,-Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ ՇՄՆ Կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանը։
«ԳԱԱ–ի ուսումնասիրությունների համաձայն` սիգի չափաքնակը Սևանա լճում վերջին տարիներին դրական դինամիկայով էր գնում։ Բայց այս տարի, ցավոք սրտի, որոշակի անկում կա։ Այդ պատճառով նախատեսվում է գոնե որսաշրջանի առաջին փուլում մի փոքր ավելի քիչ քանակությամբ քվոտա սահմանել»,– մանրամասնել է Բալոյանը։
Հիշեցնենք` Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված սահմանվել էր ձկան որսի արգելք` 2023 թվականի նոյեմբերի 25–ից մինչև հունվարի 20–ը։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օրերս հաղորդարություն էր տարածել, որտեղ ևս մեկ անգամ հիշեցրել էր, որ սիգի որսի արգելքը կգործի մինչև 2024 թվականի հունվարի 20–ը ներառյալ։
*