Արևմուտքը փորձում է փափուկ բարձ դնել Հայաստանի գլխի տակ․Կարապետյան

Sputnik
Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպան Քրիստինա Քվինի հրավերով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել դեսպանի հետ՝ նրա կեցավայրում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Ի դեպ, դեսպանին հյուր գնալուց հետո նախարար Պապիկյանը արդեն պաշտպանության նախարարությունում ընդունել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանն ու զարգացման հեռանկարներին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատել է, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Քրիստինա Քվինի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատանքային ընթրիքին ու Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի՝ հայաստանյան այցին նախորդել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամփոփիչ ասուլիսը, որի ժամանակ Լավրովը խոսել էր Հայաստանի արտաքին քաղաքականության և դրան առնչվող հարցերի մասին։