Արդարադատության նախարարությունում՝ այդ գերատեսչության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության:
Վարչապետի խոսքով՝ պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ համակարծիք է վարչապետ Փաշինյանի այն մտքի հետ, որ Հայաստանին նոր սահմանադրություն է անհրաժեշտ, սակայն, ըստ Այվազյանի, դա չպետք է լինի այն սահմանադրությունը, որը պատկերացնում են այսօրվա իշխանությունները։
Մեկնաբանելով Փաշինյանի հայտրարությունը` սահմանադրագետն արձանագրում է` Սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ չէ, այն չի կարող լինել ո՛չ իշխող քաղաքական ուժի «կապրիզը», ո՛չ էլ քաղաքական ուժերի կոնսենսուսի առարկա։