ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. «Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, բայց արդեն նակխին անդամ Վարդան Ղուկասյանը հրավիրված համագումարում հայտարարեց, որ որոշել է «Հանրային ձայն» կուսակցությունից հրաժարվել և նոր կուսակցություն բացել։ Այս մասին նա ներկաներին հայտնեց տեսակապի միջոցով։
Հայտնել էինք, որ հունվարի 11–ին «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով դադարեցված է համարում նրա անդամությունը կուսակցությանը։
«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին ուղիղ եթերում հայտարարել էր, որ եթե ինքը կուսակցությունում չլինի, կդադարի գոյություն ունենալ նաև կուսակցությունը։ Նա նաև հայտնել էր, որ հունվարի 19–ին համագումար է հրավիրում։
«Մենք կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ, եթե մենք ուտենք իշխանության կուտը և ներքաշվենք Արտակ Գալստյանի առաջարկած կոնֆլիկտի մեջ, մենք չենք կարող մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին, որովհետև դատական հայց ունեցող կուսակցությունը չի կարող մասնակցել։ Ուստի ես նման որոշում եմ կայացրել իմ արած–դրած, իմ ստեղծած կուսակցությունից հրաժարվել և ստեղծել նոր կուսակցություն, առանց այդ աղբի»,–այս մասին հրավիրված համագումարում հայտարարեց «Հանրային ձայն» կուսակցության հիմնադիրը։
Նշենք, որ Ղուկասյանը հայտարարեց, որ «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի ղեկավար, նախագահ Արտակ Գալստյանը թիմակիցներին խոսք է տվել Երևանի ավագանու ընտրություններում բավարար ձայներ ստանալուց և իշխանության գալուց անմիջապես հետո վայր դնել մանդատը, որը չի արել։
«Արտակ Գալստյանն այժմ ամբողջությամբ գտնվում է իշխանության ձեռքի տակ և փորձում է կուսակցությանը ներքաշել դատական քաշքշուկների մեջ և դրանով իսկ թույլ չտալ, որպեսզի կուսակցությունը մասնակցի Ազգային ժողովի ընտրություններին»,–ասաց նա։
«Նոր կուսակցությունը որոշել եմ անվանել «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն, կարճ` ԴՕԿ»»,–հայտարարեց նա։
Կուսակցության հիմնադիր համագումարը նախատեսված է մարտի 5–ին։