ՌԴ–ն ակնկալում է Մոսկվայում Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին․ Կոպիրկին

Ռուսական կողմը հրավերներ է ուղարկել հայ գործընկերներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին Մոսկվայում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհրդում։ Դա նույնպես ենթադրում է պատվիրակությունների, այցերի փոխանակում։ Մայիսին նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողով անցկացնել Մոսկվայում, և, իհարկե, ռուսական կողմն ակնկալում է, որ դրան կմասնակցի նաև նախագահող երկրի առաջնորդ, վարչապետ Փաշինյանը», – ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ բարձր և բարձրագույն մակարդակներով փոխայցելությունները սովորական երևույթ են միջպետական հարաբերությունների պրակտիկայում, և այդ հարցը եղել է, կա և մնում է օրակարգում:
Ինչ է նախատեսում Հայաստանն իր նախագահության տարում․ Փաշինյանը դիմել է ԵԱՏՄ երկրներին
«Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս՝ մեկ ամիս առաջ, այստեղ՝ Երևանում, տեղի ունեցավ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը գլխավորում են մեր երկրների փոխվարչապետները։ Դրան մասնակցում էին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր գերատեսչությունների բավականին մեծ թվով բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Դա շատ կարևոր, նշանակալի իրադարձություն էր մեր երկկողմ հարաբերություններում։ Իհարկե, այն որոշումները, որոնք ընդունվել են, կարևոր են, դրանք կիրականացվեն և, բնականաբար, շփումներ, այցելություններ կպահանջեն», - նշել է Կոպիրկինը։
Դիվանագետն ավելացրել է, որ կան մի շարք հրավերներ ռուսական կողմի հայ գործընկերներին՝ մասնակցելու 2024 թվականին նախատեսվող նշանակալի միջոցառումներին։
«Հիմա ամեն ինչ չեմ թվարկի. մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ։ Իհարկե, նման փոխանակումները, այդ թվում՝ բարձր մակարդակի այցերը, օրակարգում են», - ասել է դեսպանը։
Ինչ նորություններ կմտցնի ԵԱՏՄ–ն մեր կյանքում 2024 թվականից. հիմնական փոփոխությունները
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունը։ Ամբողջ տարվա ընթացքում ՀՀ-ն նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում: