ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Խորվաթիա–Հայաստան շփումներում քաղաքական երկխոսության զարգացմանը զուգահեռ տնտեսական ոլորտում առկա է չօգտագործված հսկայական ներուժ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Մենք շահագրգռված ենք առևտրատնտեսական համագործակցության առաջմղմամբ ու ընդլայնմամբ՝ միտված շոշափելի արդյունքներ արձանագրելուն»,– հայտարարել է Միրզոյանը։
Նա նաև նշել է, որ համատեղ քննարկել են ՀՀ–ԵՄ գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ ընթացիկ գործընթացներն ու իրականացվող քայլերը: Ըստ Միրզոյանի` ՀՀ–ԵՄ գործընկերության ընդլայնման մեր հանձնառությունը բխում է երկու երկրների քաղաքացիների համար ավելի լավ և անվտանգ միջավայրի տեսլականից:
«Իմ խորվաթ գործընկերոջ հետ դիտարկել ենք Հայաստան–ԵՄ հարաբերությունների ողջ շրջանակը, որն ընդգրկում է մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, մարդկանց միջև շփումները, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև անվտանգության հարցերը: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ Հայաստան–ԵՄ գործընկերությունն ընդլայնվում է նոր ուղղություններով, այն է՝ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը ՀՀ-ում և անվտանգային հարցերով երկխոսությունը»,– ասել է Միրզոյանը:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության թեմաների շուրջ։
ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությանը և հայտարարություններին` նշելով, որ դրանք շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին:
«Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է՝ հիմնված հայտնի սկզբունքների և պայմանավորվածությունների վրա։ Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց որևէ երկիմաստության։ Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար, որը, մեր համոզմամբ, պետք է իրականացվի համաձայն Ալմա Աթայի հռչակագրի և հիմնված լինի Խորհրդային Միության ամենաթարմ ու օրինական քարտեզների վրա»,– ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նա վստահություն է հայտնել, որ կապուղիները, որոնք կարող են ապաշրջափակվել տարածաշրջանում, հաղորդակցությունները՝ տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները, կարող են նաև նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության առաջխաղացմանը։
Այս համատեքստում Միրզոյանը հիշեցրել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկի» մասին։
ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ 2024 թվականն առանձնահատուկ է երկկողմ հարաբերությունների համար, քանի որ նշում ենք Խորվաթիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30–ամյակը:
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում է երկօրյա այցով։ Այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը պաշտոնական այցով Հայաստանում է եղել նախորդ տարվա փետրվարին: