Իրանը մերժում է ԱՊԼ-ի հայտարարությունը, որը դատապարտում է հարվածներն Էրբիլի ուղղությամբ

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ Թեհրանը Բաղդադից ակնկալում է հավատարիմ մնալ անվտանգության մասին երկրների միջև կնքված համաձայնագրին և դրա բովանդակության լիարժեք իրականացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին մերժել է արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հայտարարությունը, որը դատապարտում է Իրաքյան Քուրդիստանի Էրբիլ քաղաքի ուղղությամբ իրանական ուժերի հարվածները: Տեղեկությունը նշված է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը հունվարի 16-ին հայտարարել է, որ միավորումը դատապարտում է Իրանի հարվածներն Իրաքյան Քուրդիստանին և համերաշխ է Իրաքի կառավարության կողմից գործադրվող՝ երկրի ինքնիշխանության և անվտանգության պահպանման միջոցների հետ:
«Ափսոսանք հայտնելով Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարների վերջին հայտարարության կապակցությամբ և մերժելով դրա բովանդակությունը՝ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության գործողություններն իրականացվել են ահաբեկչական տարրերի դեմ պայքարի օրինական իրավունքի հիման վրա, որոնք կապված են իրաքյան Էրբիլում իսրայելական ռեժիմի հետ, որոնք սպառնալիքի ու վտանգի են ենթարկել Իրանի ազգային անվտանգությունը և դրա քաղաքացիների անվտանգությունը», - նշված է հաղորդագրության մեջ:
Իրանը, նշել է Քանանին, կասկածներ չունի այդ տարրերի նկատմամբ զսպող միջոցների և հանցագործներին պատժելու վերաբերյալ: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Թեհրանը Բաղդադից ակնկալում է հավատարիմ մնալ երկրների միջև կնքված անվտանգության համաձայնագրին և դրա բովանդակության լիարժեք իրականացմանը, իսկ ԱՊԼ-ից՝ օգտագործել իր ջանքերը Գազայի հատվածին իսրայելական ռեժիմի հարվածները դադարեցնելու և Պաղեստինի 75-ամյա օկուպացիան դադարեցնելու համար: