ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարց չկա, ՌԻԱ Նովոստիին ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ինձ նման ազդանշանների մասին հայտնի չէ։ Ես կենտրոնանում եմ այն պաշտոնական հայտարարությունների վրա, որոնք արվել են հայկական կողմից, մասնավորապես այն մասին, որ բազայի դուրսբերման հարց չկա։ Ռուսական կողմից նույնպես նման ահազանգեր չեն ստացվել»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանից ահազանգեր չեն ստացվել Գյումրիում ռուսական ռազմակայանի փակման և ռուս սահմանապահների դուրսբերման մասին։
Հիշեցնենք, որ ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է համաձայն 1995 թվականի Մոսկվայի և Երևանի միջև կնքած միջպետական պայմանագրի։ ՌԴ–ն և Հայաստանը 2010 թվականի օգոստոսի 20-ին երկարացրել են պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը։
Գյումրու 102-րդ ռազմակայանի օդային բաղկացուցիչը Երևանում գտնվող «Էրեբունի» օդանավակայանն է, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միավորված համակարգում հակաօդային պաշտպանության գծով։