ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանի ընդհանուր իրադրությունն ու առկա հումանիտար մարտահրավերները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նախագահը Խաչատրյանն ընդգծել է կայուն և տևական խաղաղության հասնելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը։
Երկուստեք շեշտվել է մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ ջանքերի իրականացման կարևորությունը:
Հիշեցնենք` Սամանտա Փաուերը նախորդ տարվա սեպտեմբերին այցելել էր Հայաստան և հայտարարել, որ ԱՄՆ կառավարությունը ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքների համար 11,5 մլն դոլար կհատկացնի։
Հավելենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում հանդիպումներ և կարճ զրույցներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անոտոնիո Գուտերեշի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահի, Մոնղոլիայի վարչապետի, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, նաև ՄԱԳԱՏԷ–ի ու Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարների ու այլոց հետ։