Տրամաբանություն չտեսա․ Լավրովն անտեղի է անվանել Փաշինյանի համեմատությունը

Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակումը համաձայնեցվել էր դեռևս 2021 թվականի ամռանը, սակայն այդպես էլ չի իրականացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik․ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անտեղի է համարում այն համեմատությունները, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցկացնում է Ադրբեջանից դեպի Նախիջևան Հայաստանի և Իրանի տարածքով անցնող ճանապարհների միջև։ Այս մասին նա հայտարարել է ռուսական դիվանագիտության 2023 թվականի գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էև, որ Հայաստանը պատրաստ է դեպի Նախիջևան ճանապարհը Ադրբեջանի համար բացել նույն պայմաններով, ինչ Իրանը:
«Այն, ինչ ասել է պարոն Փաշինյանը, որ ինքը Հայաստանի տարածքով տարանցման համար նույն պայմաններն է ուզում, որոնք կօգտագործվեն Ադրբեջանից Նախիջևան իրանական տարածքով տարանցման ժամանակ, ես այստեղ որևէ տրամաբանություն չտեսա։ Անկեղծ ասած, հազիվ թե տեղին է համեմատել այդ երթուղիները»,-ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը ստեղծվել է 2021 թվականին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով, պայմանավորվել են, որ բոլոր կապերն ու երթուղիները ապաշրջափակելու դեպքում այն երկրները, որոնց տարածքով անցնում է ցանկացած նման երթուղի, լիովին պահպանում են ինքնիշխանությունն ու իրավասությունը այդ երթուղիների նկատմամբ։
Աշխատանքային խմբում դեռևս 2021 թվականի հունիսին պայմանավորվածություն կար, որ այդ հաղորդակցությունը պետք է վերսկսվի նախ երկաթուղային տրանսպորտի համար։
«Դա համաձայնեցված էր, դա հետո քննարկվել է նախագահ Պուտինի կողմից Երևանում, երբ նա այնտեղ էր այցով և հանդիպում եղավ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում»,-ասել է Լավրովը:
«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել եռակողմ պայմանավորվածություններում. Լավրով
Նա նշել է, որ Երևանը դրան դրական է վերաբերվել, բայց հետո դա ինչ-որ տեղ «կորել է»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան երեք տարի շարունակ փաստացի պնդում են, որ իրենց արտատարածքային միջանցք տրամադրվի ՀՀ Սյունիքի մարզով՝ Նախիջևանի ինքնավարության և մնացած Ադրբեջանի միջև ցամաքային կապ ապահովելու նպատակով։ Իրանը բազմիցս դեմ է արտահայտվել նման սցենարին։ Թեհրանն առաջարկել է այդ կապն ապահովել Իրանի տարածքով անցնող երթուղով։