ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Իրանը Պակիստանից պահանջում է անհապաղ պարզաբանումներ ներկայացնել նախօրեին Իսլամաբադի կողմից Իրանի՝ Պակիստանի հետ սահմանակից հարավ-արևելյան Սիստան և Բեդուջիստան նահանգի ուղղությամբ իրականացված հրթիռային հարվածների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Tasnim գործակալությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանը մի շարք ճշգրիտ ռազմական հարվածներ է հասցրել Իրանում «ահաբեկիչների թաքստոցներին»։
«Իրանը Պակիստանի իշխանություններից անհապաղ բացատրություններ է պահանջում այդ միջադեպի կապակցությամբ (Սիստանին և Բելուջիստանին հասցված հարվածների- խմբ.)»,-գործակալությունը մեջբերում է իրազեկ աղբյուրի խոսքը:
Պակիստանի ռազմաօդային ուժերը գիշերը Իրանում թիրախներին հրթիռային հարվածներ հասցնելիս մտել են իրանական օդային տարածք, գրում է Reuters գործակալությունը հղում անելով Պակիստանի հետախուզությունում իր աղբյուրին: Թե քանի ինքնաթիռ է ներգրավված եղել գործողության մեջ՝ չի նշվում։
Միևնույն ժամանակ, իրանական Fars News գործակալությունը, հղում անելով Սիստան և Բելուջիստան նահանգների նահանգապետի` անվտանգության և իրավապահ մարմինների հարցերով տեղակալ Ալիրեզա Մարհամաթիին, հայտնել է, որ Պակիստանի հետ սահմանին գտնվող բնակավայրում յոթ մարդ է զոհվել հրթիռային հարվածների հետևանքով. նրանք Իրանի քաղաքացի չեն եղել։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հունվարի 16-ին հայտարարել էր, որ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել Է «Ջեյշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման հիմնական ռազմակայանին, որը գտնվում է Պակիստանի՝ Իրանին սահմանակից Բելուջիստան նահանգում: Պակիստանը խիստ դատապարտել է Իրանի հարձակումը, իսկ հունվարի 17-ին հետ է կանչել իր դեսպանին Իրանից նշելով, որ Իրանի դեսպանը նույնպես առայժմ չի կարող շարունակել իր դիվանագիտական առաքելությունը Իսլամաբադում։