Շարունակում ենք աշխատել. ՔՊ–ականը` ՌԴ–ի հետ ռազմական համագործակցության մասին

Արթուր Հովհաննիսյանը շեշտում է, որ ՌԴ–ի, ինչպես նաև այլ երկրների հետ Հայաստանն աշխատում է բացառապես երկրի պետական շահից ելնելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանը շարունակում է աշխատել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության շրջանակներում։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբկացության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է Հայաստանը պատկերացնում ՌԴ–ի հետ հետագա ռազմական համագործակցությունը։
«Շարունակում ենք աշխատել մեր ռուս գործընկերների հետ, անվտանգային առումով մենք գնում ենք բալանսավորման ճանապարհով։ Այս իմաստով մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ` ելնելով բացառապես ՀՀ պետական շահից»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
Մեկնաբանելով ՔՊ–ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը վերջերս Ռուսաստանից զենքի խմբաքանակ է ստացել նախկինում կնքված պայմանագրերի շրջանակներում, Հովհաննիսյանը լրագրողներին առաջարկեց դիմել ՊՆ։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Ռուսաստանի հետ զենքի մատակարարման շուրջ քննարկումները շարունակվում են։ Նա ընդգծել էր, որ 2021 թվականից ի վեր կնքվել է զենքի մի քանի պայմանագիր, որոնք չեն կատարվել, այժմ դրանց մի մասը վերանայվում է և թարմացվում։ Գրիգորյանը վստահեցրել էր` ՌԴ–ի հետ զենքին առնչվող նոր պայմանագրեր չկան։