ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ռուսաստանը երբեք Հայաստանի հետ կապերի սառեցման նախաձեռնողը չի եղել։ Այս մասին դիվանագիտական տարվա արդյունքներն ամփոփող ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը։
«Այո, մենք հիշում ենք, երբ Հայաստանի ներկայիս պաշտոնյաներից շատերը դեռևս ընդդիմության մեջ լինելով կոչ էին անում դուրս գալ ՀԱՊԿ–ից, ԵԱՏՄ–ից, և երբ վարչապետ Փաշինյանը եկավ իշխանության, մենք Երևանից հեռանալու նույնիսկ չնչին մտադրություն չունեինք»,– ասաց Լավրովը։
Նա ընդգծեց, որ ամեն ինչ զարգացել է այնպես, ինչպես նրա (Փաշինյանի- խմբ.) նախորդողների օրոք բոլոր ոլորտներում` տնտեսությունից մինչև ռազմաքաղաքական։
ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրեց` 2022 թվականին Երևանում նախարարների կողմից համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու մասին փաստաթուղթը, բայց առաջին դեմքերի մակարդակով Երևանը հայտարարել է, որ այժմ չի կարողանա ստորագրել այն ու դրանից հետո, գրեթե միաժամանակ, ՀՀ է մեկնել ԵՄ առաքելությունը։
«Դա ՀՀ ղեկավարության ընտրությունն է։ ԵՄ առաքելությունը սկսել է ակտիվորեն հետաքրքրվել Հայաստանում ռուս սահմանապահների աշխատանքով և զբաղվել ոչ թե վստահության ամրապնդմամբ, այլ փորձել է անընդհատ «հոտոտել», թե ինչ և որտեղ է տեղի ունենում, ինչ է անում Ռուսաստանն այնտեղ, ինչ խնդիրներ են դրված նրա առաջ»,– ասաց նա։
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ այդ հարցը բազմիցս քննարկվել է հայ գործընկերների հետ։ Դրա հետ մեկտեղ, Լավրովը պարզաբանեց, որ Ռուսաստանը գիտի Հայաստանի դիրքորոշման մասին. ՀԱՊԿ–ը հիասթափեցրել է Հայաստանին, քանի որ չի քննադատել Ադրբեջանին։
«Մենք ինչ–որ տեղ մեղավորներ ենք փնտրում և հրաժարվում ենք այսօր առկա հնարավորություններից»,– նշեց նա։
Լավրովը ևս մեկ բան հիշեցրեց. Հայաստանում հրապարակային հայտարարվել է, որ և՛ ՀԱՊԿ–ը, և՛ Ռուսաստանը հիասթափեցրել են, իսկ Արևմուտքը` ոչ։ ՌԴ ԱԳ նախարարը նաև անդրադարձավ ՌԴ մի շարք քաղաքացիների` Հայաստանում անցանկալի անձ հայտարարելուն և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) շուրջ ստեղծված իրավիճակին։
«Սա, անշուշտ, դաշնակիցների հարաբերություններում իրադարձությունների բավականին անսովոր զարգացում է։ ՄՔԴ–ի շուրջ պատմություն կար, մենք անկեղծորեն, բարեկամաբար խորհուրդ ենք տվել, թե ինչպես անել, որ դատարանին անդամակցելու ժամանակ գլխավոր հռչակցված նպատակին կանոնադրությունը ստորագրելիս, հնարավորի լինի հասնել առանց այդ էլ բավական հակասական քայլ կատարելու»,– ասաց Լավրովը։
Նա ընդգծեց` ՌԴ–ն կապի մեջ է և միշտ բաց է երկխոսության համար, բայց Մոսկվային հայտնի է այն մասին, որ Արևմուտքը հրապարակային հայտարարում է Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս մղելու անհրաժեշտության մասին։ Դրա հետ մեկտեղ Երևանից դեմ չեն արտահայտվում։ Լավրովը շեշտեց` Մոսկվան շատ ջերմ վերաբերմունք ունի հայ ժողովրդի նկատմամբ, վստահ է, որ պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի, սակայն միայնակ բոլոր խնդիրները հնարավոր չէ լուծել։