ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Պակիստանը մի շարք ճշգրիտ ռազմական հարվածներ է հասցրել Իրանում «ահաբեկիչների թաքստոցներին», մի շարք «ահաբեկիչներ» ոչնչացվել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի ԱԳՆ-ին։
Ավելի վաղ Սիստան և Բելուջիստան նահանգի իշխանությունները հայտնել էին, որ պայթյունների ձայնը լսվել է Իրանի հարավ-արևելքում` Պակիստանի հետ սահմանին գտնվող Սերավանի մարզի մի քանի շրջաններում:
«Այս առավոտ Պակիստանը մի շարք ճշգրիտ ռազմական հարվածներ է ձեռնարկել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգներում ահաբեկիչների թաքստոցների ուղղությամբ։ Մի շարք ահաբեկիչներ սպանվել են գործողության ընթացքում»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հայտարարության համաձայն ՝ Պակիստանը մի քանի տարի շարունակ Իրանին իր մտավախություններն է հայտնել, որ նրա տարածքում թաքնվում են «պակիստանյան ծագում ունեցող ահաբեկիչներ», սակայն Թեհրանը բավարար գործողություններ չի ձեռնարկել նրանց դեմ:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարել էր, որ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել Է «Ջեյշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման հիմնական ռազմակայանին, որը գտնվում է Իրանին սահմանակից Պակիստանի Բելուջիստան նահանգում: Սա Իրանի զինված ուժերի առաջին հրթիռային հարվածն է Պակիստանի տարածքին։
Պակիստանն ի պատասխան հետ է կանչել իր դեսպանին Իրանից և նախազգուշացրել է ԻՀՊԿ-ի հարվածին արձագանքելու իրավունքի մասին: