Ներքին գործերի նախարարությունն ու Հայկական Կարմիր խաչը ստորագրել են հուշագիր

Աննա Եղիազարյանն ու Վահե Ղազարյանը
Աննա Եղիազարյանն ու Վահե Ղազարյանը
Հուշագիրը կամրապնդի աղետների ռիսկի նվազեցման ոլորտում սերտ համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ներքին գործերի նախարարությունն ու Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Գործընկերությունը նպատակ ունի ամրապնդելու սերտ համագործակցությունը՝ աղետների ռիսկի նվազեցման, առկա ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման գործողություններում և միավորելու կարողությունները՝ աղետներին արձագանքման, պատրաստվածության մակարդակի բարձրացման և ռիսկերի նվազեցման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Հուշագիրը ստորագրել են ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։
ՆԳ նախարարի խոսքով՝ հուշագիրը նոր մակարդակի կբարձրացնի համագործակցությունը՝ աղետների ռիսկի նվազեցման և կանխման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանն առնչվող հարցերում մեխանիզմների սահմանման և այլ ուղղություններով։
Վահե Ղազարյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների ապահովման աշխատանքներին և շնորհակալություն հայտնել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ այդ ուղղությամբ ցուցաբերած աջակցության համար։