ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Երևանի հատկապես կենտրոնում ճանապարհային հանգույցների կառուցումը, մասնավորապես կրկեսի, «Հայրենիք» կինոթատրոնի մոտ հանգույցների կառուցումը չի կարող տալ դրական, էական արդյունքներ։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մեր հետազոտություններն իրապես ցույց են տալիս, որ բացի այն, որ մենք բավականին տևական ժամանակ կարևոր այդ հանգույցները փակ ենք պահելու, ինչ–որ շինարարություն ենք անելու, այն արդյունքը, որ ստանալու ենք այդ շինարարության արդյունքում, չի տալիս այն դրական, էական արդյունքները, որով կկարողանանք ասել, որ այդտեղ կար տրամաբանություն»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` այն լուծումները, որոնք առաջարկվում են, այդ գեղեցիկ հրապարակների էական ձևափոխման են բերելու, մասնավորապես «Հայրենիքի» հրապարակն ամբողջությամբ կդառնա արագընթաց ավտոմայրուղի, որը քաղաքային միջավայրում ուղղակի սխալ է։
«Մենք հիմա կենտրոնանում ենք շրջանցիկ ճանապարհների վրա, որոնց միջոցով մենք բոլոր հիմնական խնդիրները կարողանում ենք լուծել։ Քաղաքի ներսում նոր հանգույցներ կառուցելու առումով մենք շատ ավելի զգուշավոր ենք մոտենում»,– նշեց քաղաքապետը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեցԱվինյանի հետ։
«Այդ ավտոճանապարհները նաև մոտակա տների գներն են գցում, և քանի որ ես կողքը տուն ունեմ, անձնական հետաքրքրություն ունեմ»,– կատակեց նա։
Վարչապետն ասաց` խորհրդային տարիներից «Հայրենիք» կինոթատրոնի մոտ մի մեծ առևտրի կենտրոն կա, որը չի աշխատում, ու այնտեղ կա հսկայական ու գեղեցիկ տարածք։ Նրա խոսքով` այս տարածքն այսօր որևէ կերպ քաղաքին ու տնտեսությանը չի ծառայում և կարելի է մտածել, թե ինչպես կարելի է այնտեղ ավտոկայանատեղի ստեղծել։