ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Իրանի կողմից վերջին քայլերը Իրաքում և Սիրիայում ու ակտիվ ռազմավարություն որդեգրելը դեռ չի նշանակում, որ նրա ուշադրությունը պակասում է Հարավային Կովկասից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը` մեկնաբանելով, թե Իրանի ակտիվացումը և ռազմական գործողություններում ներգրավվելն ինչ ազդեցություն կունենան մեր տարածաշրջանի ու ՀՀ–ի վրա։
Նշենք, որ հունվարի 17-ին Իրանը հրթիռային հարվածներ էր հասցրել Պակիստանում սուննի խմբավորման կենտրոնակայանի վրա։ Նախօրեին Իսլամական հեղափոխության պահապանները Հյուսիսային Իրաքի քրդական շրջանում գնդակոծել էին «Իսրայելական հետախուզության շտաբը» և Սիրիայում գտնվող որոշ թիրախներ, որոնք, ըստ Թեհրանի, կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց համար կապ չունի` Արևելք, թե Արևմուտք, և որ Իրանին ուղղված ցանկացած սպառնալիք ցանկացած վայրից համարժեք պատասխանի է արժանանալու։
Մելքոնյանի խոսքով` Իրանի այսպիսի պահվածքը նշանակում է, որ ինքն ունի քաղաքական կամք պաշտպանելու պրեվենտիվ իր շահերը։
«Այո, Իրանը իր որոշ իր ուժերը և ուշադրությունը կակտիվացնի Սիրիայում, Իրաքում, Եմենում Լիբանանում, բայց դա չի նշանակում, որ ինքը դա կանի Հարավային Կովկասում իր հաշիվների շնորհիվ։ Հարավային Կովկասը մնալու է իրենց տարածաշրջանային առաջնահերթությունների շարքում։ Իրանը ցույց տվեց, որ պատրաստ է պաշտպանել իր շահերը նաև իր սահմաններին մոտ` Հարավային Կովկասում»,–ասաց վերլուծաբանը։
Ասվածի օրինակը նաև Իրանի կողմից «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերաբերյալ հայտարարություններն ու պատասխաններն են ադրբեջանական և թուրքական կողմի հայտարարություններին։
«Իրենք հիմնականում հռետորական, պաշտոնական մակարդակով ցույց են տալիս, որ ինչ էլ լինի Մերձավոր Արևելքում պահելու են իրենց դիրքերն այս տարածաշրջանում»,–նշեց նա։
Ինչ վերաբերում է ռազմական գործողություններին, Մելքոնյանն ընդգծում է, որ թեպետ Իրանի հարվածն ուղղված էր «Իսլամական պետությանը», սակայն իրականում հարվածների աշխարհագրությունը ցույց է տալիս, որ այն ուղված էր նաև ԱՄՆ–ի ու Իսրայելի դիրքերին Իրաքյան Քրդստանում, ահաբեկչական կազմակերպություններին, որոնք հովանավորվում են նաև Թուրքիայի կողմից և այլն։ Պատճառն այն է, որ Իրանը փաստացի սպառնալիք էր տեսնում այդ երեք պետություններից` Սիրիայից, Իրաքից և Պակիստանից։
Միևնույն ժամանակ վերլուծաբանն ընդգծում է` այժմ ո՛չ Իրանը, ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ ԱՄՆ–ն շահագրգռված չեն տարածաշրջանում լայնածավալ պատերազմի մեջ, սակայն բոլորն աշխատում են պահել իրենց «կարմիր գծերը», որը բնականաբար կարող է հանգեցնել էսկալացիայի նոր մակարդակի։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հունվարի 12–-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի հյուսիսում իշխող և Իրանի կողմից աջակցվող շիական «Անսար Ալլա» (հութիների) շարժման օբյեկտներին՝ դա անվանելով որպես պատասխան Կարմիր ծովում նավարկության ազատության դեմ սպառնալիքին:
«Անսար Ալլա» բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամեդ Ալի Ալ–Հուսին դա որակել Է ահաբեկչական բարբարոսություն և կանխամտածված ու չարդարացված ագրեսիա: Հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան 73 հարված են հասցրել Եմենին, զոհվել է հութիներից հինգ մարտիկ, վիրավորվել են ևս վեցը: