ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik․ Հայաստանը չի ցանկանում ՌԴ սահմանապահների տեղակայումը Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհին՝ Սյունիքում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական դիվանագիտության 2023 թվականին գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կարծում եմ՝ մենք չպետք է ամաչենք այն եռակողմ հայտարարությունների գնահատման կարևորության հարցում, որոնք ստորագրվել են 2020-2022 թվականներին: Շատ ցավալի է, որ Հայաստանի համար այնպիսի գործնական, շահավետ բանը, ինչպիսին Սյունիքի մարզով երթուղու բացումն է, մինչ օրս թղթի վրա է մնում»,-ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ պատճառը Երևանի դիրքորոշումն է։ ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ Երևանին ինչ-որ մեկը խորհուրդներ է տալիս այդ թեմայով։
«Մենք տեսանք, որ հենց որ Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս թե՛ երթուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման, թե՛ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում, անմիջապես սկսեցին առանց հրավերի մտնել այդ գործընթացների մեջ և սփոյլերի դեր խաղացին»,-ասել է Լավրովը:
Նա իրավիճակը համեմատել է 2003 թվականին Մերձդնեստրում ստեղծված իրավիճակի հետ, որտեղ Մոսկվան նույնպես հանդես էր գալիս որպես միջնորդ։ Համաձայնեցվել էր «Կոզակի հուշագիրը», սակայն Մոլդովայի նախագահը զանգահարել էր Ռուսաստանի նախագահին և, Լավրովի խոսքով, հայտնել, որ Եվրամիությունն իրենց արգելում է ստորագրել այն: Նույն կերպ կարող էր կարգավորվել նաև իրավիճակն Ուկրաինայում, եթե կատարվեին Մինսկի պայմանավորվածությունները։
«Ես բոլոր հիմքերն ունեմ ասելու, որ Արևմուտքը չի ուզում թույլ տալ, որ կայանան նաև այն պայմանավորվածությունները, որոնք Ռուսաստանի միջնորդությամբ կնքվել են Երևանի և Բաքվի միջև»,-նշել է Լավրովը:
Օրինակներից մեկը Սյունիքի մարզով անցնող ճանապարհն է։ Նախարարի խոսքով՝ հենց Հայաստանն է, որ դժվարություններ ունի երթուղու բացման հարցում, ինչպես դա արձանագրված է եռակողմ հայտարարության մեջ։ Երևանը նոր պահանջներ է դնում ճանապարհին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցերում։
«Չեն ուզում, որ այնտեղ ռուս սահմանապահները կանգնեն։ Թեև դա գրված է և ստորագրված է վարչապետ Փաշինյանի կողմից։ Չի ուզում, որ մաքսային և սահմանային չեզոք վերահսկողություն լինի։ Միայն ինքնուրույն, իսկ դա հակասում է նրան, ինչի մասին պայմանավորվել ենք»,-ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան երեք տարի շարունակ փաստացի պնդում են, որ իրենց արտատարածքային միջանցք տրամադրվի Հայաստանի Սյունիքի մարզով՝ Նախիջևանի ինքնավարության և մնացած Ադրբեջանի միջև ցամաքային կապ ապահովելու նպատակով։ Իրանը բազմիցս դեմ է արտահայտվել նման սցենարին։ Թեհրանն առաջարկել է այդ կապն ապահովել Իրանի տարածքով անցնող երթուղու հաշվին։